հանձնած առևտրական առաքելությունը և ինքնաբերաբար դարձավ հեղափոխական գործիչ և Տիգրանակերտ մտավ իբրև այդպիսին։ Զինքը ծանոթացնողները, երբ հայտնեցին, թե անիկա երկար տարիներ ծառայած էր հեղափոխության և հայրենիքին՝ իր մասին որևէ օտար աղբյուրներ չունեին բացի իր պատմածները։
Հերթը եկավ դոկտոր Բուրբոնյանին բաժակ առաջարկելու։ Տանտերը, որ հաստավիզ փաստաբան մըն էր և ամբողջ ճաշկերույթի ընթացքին ուրիշ բան չուներ ընելու, եթե ոչ իր ծառաներուն և մեծ տղուն վրա բարկացկոտ աչքեր պտտեցնել, արդեն պատրաստ էր մեծ հարգանքով և հպարտությամբ ընդունիլ բաժակը։ Ոչ ոք կը կարծեր, թե հերոսը պիտի մոռնար հիշել տանտերը։ Դոկտ. Բուրբոնյան ոտքի կանգնեցավ և սկսավ.
— Ազատ քազաքացինե՛ր, այս բաժակը (բոլորին թևերը իրենց օղիի լեցուն բաժակներով երկարեցան դեպի Գաբրիել էֆենտին, որ արդեն կանգնած էր պատրաստ), ես կառաջարկեմ խմել այս բաժակը բոլոր հեղափոխական-հերոսներուն ի պատիվ, որոնք ինկան և որոնք կանգնած են։ (Ֆանթազիոն, որ մինչև այդ խոսքը նստած էր... փութաց ոտքի կանգնիլ։) Թևերը քաշվեցան ետ և ոմանք ուղղվեցան դեպի առաստաղը, ոմանք դեպի Բուրբոնյանը և մեկ քանին ալ դեպի Ֆանթազիոն։
Դոկտ. Բուրբոնյանին մտքեն չէր անցներ երբեք ուրիշը նսեմացնել, բայց Ֆանթազիոն զգաց, որ պետք էր զարմացնել կոչնականները և ուշադրությունը շրջել իր կողմը։ Ֆանթազիոն սպասեց իր հերթին, մինչև այդ շաղակրատելով եվրոպացի տիկիններու հետ Փարիզի, Լոնդոնի, Նեապոլի, Ցյուրիխի, Մյունխենի և Մոնտե-Կարլոյի մասին ֆրանսերեն լեզվով, ծաղրելով անգլերենը և Շեքսպիրի լեզվին միմիքը ընելով իր քիչ մը դեպի ձախ հակած շրթունքներու տանջալից շարժումներով։
Դոկտ. Բուրբոնյանը, դարձյալ խոսք առավ և պատմեց իր քաջագործությունները, որոնց բոլորը մտիկ ըրին ապշած։ Նստելե հետո՝ մատի շարժումով կանչեց ծառաներե մին