Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անոր պատվիրեց լավ նայիլ իր Փայլակին։ (Փայլակը իր ձիու անունն էր։)

— Շաա լավ, էֆենտի, պատասխանեց ծառան։ Բուրբոնյանը քիչ մը բարկացած, բայց զսպելով իր բարկությունը, միգուցե ուրիշները լսեին, ըսավ ծառային թեթև հանդիմանանքով մը։

— Ես դոկտոր եմ, կը հասկնա՞ս։

— Շատ լավ, շատ լավ, դոկտոր էֆենտի, պատասխանեց ծառան և ետ-ետ գնաց հանդիպելով Գաբրիել էֆ․-ի բարկութենեն ոլորապտույտ աչքերուն։

Կարգը եկավ Ֆանթազիոյին։ Անիկա ոտքի կանգնեցավ, լուռ կեցավ պահ մը, ուսերը բարձրացսւց վեր՝ պոլսահայ դերասանի անհաջող շարժումներով և սկսավ իր կանացի խռպոտ ձայնով։

— Տիկիննե՛ր (խոնարհվելով մինչև գետին) և պարոննե՛ր (առանց խոնարհության), դոկտ. Բուրբոնյանի քիչ առաջ պատմած դեպքը ունի բոլորովին անհատական և փոքրիկ բնույթ, ես ձեզի պատմեմ, թե ինչպես տեղի ունեցավ 1905-ի մեծ մահափորձը։

Բոլոր նստարանները շարժեցան, գավաթները վար դրվեցան, ծառաները ֆեսերնին վար առին և սկսան ապշած և բերանբաց մտիկ ընել։ Ֆանթազիոն պատմեց նախափորձերը, նախածրագիրները և հետո ամբողջ դեպքը, ինքզինքը ներկայացնելով կենտրոնական դեմքը, ներկայացուց օր․ Ռուբինան, բաղդատելով զայն ֆրանսացի Ժան դ'Արկի հետ և բաժակ առաջարկեց Ռուբինայի կենացը։ Ըստ իր պատմության՝ Ռուբինան չէր մասնակցած մահափորձին, բայց ոչ ոք անդրադարձավ այդ իրողության։ Հանկարծ ընդոստ վեր ցատկեց դոկտ. Բուրբոնյանը և բաժակ առաջարկեց իտալացի կառապանի հիշատակին։ Գաբրիել էֆենտին տեսնելով Ֆանթազիոյի հուզմունքը և զայրույթը դեպի Բուրբոնյանը (Բուրբոնյան երբեք չէր նայեր Ֆանթազիոյի կողմը), առաջարկեց խմել երկուքին ալ կենացը։ Իզուր Ֆանթազիոն ջանաց ըսել, թե մեկը մեռած է, իսկ մյուսը՝ ողջ, արդեն գավաթները պարպված էին և Ֆանթազիոն գավաթը ձեռքը՝ տատանեցավ և նստավ։