Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դաշնակցական կուսակցության, որ այդպիսի անձնվերներ մեծցուցած էր իր ծոցին մեջ։

Եվ որովհետև հանգուցյալը կը պատկաներ Հնչակյան կուսակցության, աղմուկները ծայր տվին, անլուր հայհոյանքներ սկսան տեղալ օրվան ճառախոսին, մեկ քանիներուն քիթեն արյուն հոսեցավ, որովհետև Բուրբոնյանի պատկանած կուսակցության մարդիկը մեջ ինկան և հուղարկավորությունը վերածվեցավ չտեսնված կոմեդիայի մը։

Հանգուցյալին մոտիկ կիներ և երեխաներ դառնորեն կարտասվեին և կաղաղակեին։

Այդ բոլոր խայտառակության մեջ միայն հանգուցյալն էր անպարտ և արդար, որ անտարբեր կերպով կը ննջեր պատանքներուն մեջ։

Ավելի լուրջ մարդիկ կերպով մը կրցին կռիվը դադրեցնել, որմե հետո դամբանախոսը նստավ ձիուն վրա և հեռացավ առանց վայրկյան մը իսկ մտածելու հուղարկավորության լրջությունը խանգարած ըլլալուն։

Դոկտ․ Բուրբոնյանի համար կարևորը իր ճառախոսած ըլլալն էր։

Ամբողջ օրը գրեթե ձիեն վար չիջավ, պտտեցավ փողոցները, բոլորը պատուհաններեն և դուռներեն մատով կը ցուցնեին տարօրինակ ձիավորն Արաբկիրի փողոցներուն մեջ։

Գիշերը հավաքվեցան հնչակյանները և դոկտ․ Բուրբոնյանին դաշնակցական կլուբեն դուրս ելլելու ատեն հետևեցան անոր և մութ, ետ ինկած փողոցի մը մեջ հարձակեցան վրան և ծեծելով՝ կիսամեռ թողուցին և հեռացան։

Երկրորդ օրը դոկտ․ Բուրբոնյանը պատմեց դեպքը զինքը այցելողներուն բոցավառ գույներով, թե ինչպես 150 հին ռեժիմի ժանդարմներ հարձակած էին իր վրա, թե ինչպես ինք դիմադրած էր անհավասար կազմի մեջ և փախցուցած էր բոլորը առանց անդրադառնալու իր երեսին և կռնակին վրա տակավին չչորցած արյան հետքերուն և ոչ ոք ալ չհամարձակեցավ հարցուփորձել։