Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ֆանթազիոն Տիգրանակերտեն վերադարձավ Խարբերդ։ Առաջին օրը հյուր եղավ Արփիարյան ընտանիքի տունը, ուր հավաքված էր մեծ բազմություն։ Ֆանթազիոն հարստացուցած էր իր դեմքի միմիքը և պատմությունները։

Ազատամտության իբրև առաջին քայլ՝ հրավիրված էին կիներ, որոնք սալոնին մեջ առանձին նստած, բայց կը մասնակցեին երեկույթին։ Ֆանթազիոն պատմեց հանդիսավոր կերպով, թե ինչպես ինք հեղափոխականացուցած էր բովանդակ Տիգրանակերտը, թե ազատության և հեղափոխության ինչ մեծ խանդավառություն կը տիրեր այն տեղի հայ և թուրք ազգաբնակչության մեջ։

Պատմեց անիկա իրեն ծանոթ հեղափոխականներու մասին, որոնք պատկառանքով մոտեցած էին իրեն, իբրև Ժընև և Փարիզ տեսնող մեկը, իբրև ամենամոտիկը հեղափոխության ռահվիրաներուն։ Հիացումը և ապշությունը կատարյալ եղավ, երբ Ֆանթազիոն անդրադարձավ դարձյալ 905-ի մեծ մահափորձին։

Ֆանթազիոն իր բոլոր ըսելիքները լրացնելե հետո՝ բաժակ առաջարկեց գեղեցիկ սեռի կենացը։

Կոչնականներու մեջ կային մարդիկ, որոնք մինչև անգամ չհասկցան «գեղեցիկ սեռ» բացատրությունը, բայց որովհետև շատերը դարձան դեպի կիները՝ կիները գլուխնին վար կախեցին և ամեն ինչ լռեց։ Ֆանթազիոն հեգնական քմծիծաղով մը շարունակեց իր խոսքը.

— Հելլենական և հռովմեական կյանքի մեջ, ըսավ անիկա, և նույնիսկ մեր նախկին թագավորության ժամանակ, երբ տակավին իսլամները չէին արշաված մեր սրբազան և անպարտելի լեռները, սովորություն կար, որ կիները և տղամարդիկ զիրար կը համբուրեին բազմության ներկայության և բաղնիս կերթային միասին, իսկ իսլամները...

— Պր. Ֆանթազիո, նկատեց ամենածեր կոչնականներեն մեկը, անցնենք ուրիշ նյութի։

— Դուք շատ նեղ կը մտածեք, ընկեր, պատասխանեց Ֆանթազիոն, պետք է թոթափել հինը և զգենուլ նորը՝ եվրոպական