Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ հասավ հորենական տան առջև, խոնարհություն ընելով և ողջույններ ուղարկելով բոլորին, իր ծնողները տանիքին վրա ուրախութենե կուլային։ Նախ ողջունեց իր ծնողները, որոնք բավականին ծերացած էին արդեն, առանց ձիեն վար իջնելու երկրորդ անգամ ըլլալով աղաղակեց.

— Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ հայրենիքը։ Ամբոխը դարձյալ կրկնեց ավելի ուժգին և խելահեղ։

Թափորը հասավ եկեղեցին, Բուրբոնյանը իջավ ձիեն, մտավ մատուռը և խաչակնքեց իր երեսը։ Մոտիկ եղողները նշմարեցին արցունքի քանի մը կաթիլներ իր աչքերուն մեջ։

Երգեցիկ խումբը սկսավ երգել — «Ուրախ լեր, բերկյալդ» — մինչև դուրսը ամբոխը կը շատնար և ներս մտնելու հնարավորություն չի կար։

Բուրբոնյանը ձիուն մտրակը ձեռքը, արաբական շորերով, բարձրացավ խորան և սկսավ արտասանել մինն իր նշանավոր ճառերեն.

— Հայրենակիցնե՛ր և ազատ քաղաքացինե՛ր, ազատությունը կը կայանա այն բանին մեջ, որ ամեն մարդ... ազատ է, որ ամեն մարդ ազատ է (այս վերջին խոսքերը հատիկ-հատիկ և մանր շեշտերով կրկնելուն պատճառը այն էր, որ դոկտորը կսպասեր բուռն ծափահարության, բայց ծափահարության փոխարեն տիրեց լուրջ և ծանր լռություն)։ Հայ հեղափոխությունը և հատկապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր, որ բերավ ազատությունը և հեղափոխությունը մինչև այս ետ ինկած անկյուններուն մեջ (դարձյալ լռություն, բայց այս անգամ Բուրբոնյանը խզեց զայն ցասումով)։ Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հայ հեղափոխությունը (այս անգամ որոտընդոստ ծափեր)։ Մեր ճառախոսը փոքրիկ հազով մը իր կոկորդը մաքրեց և շարունակեց փրփրած և կատաղած.

— Մեր դարերու ստրկությունը այսօր անդառնալի կերպով կը սրբվի մեր ճակատներուն վրայեն։ Ազատության մրրիկը կը փչէ Պոլսեն մինչև Բաղդադ և Վասպուրականեն մինչև Մեքքե-Մեդինե։ Մեր նահատակներուն սրբազան ոսկորները