Չմշկածագցի Քրիստոսը կը մտներ իր Երուսաղեմը։
Մեկ երկու ժամեն արդեն Բուրբոնյանը հասած էր քաղաք։ Հեռուեն եկեղեցու մեծ զանգակները կը ղողանջեին ծանուցանելով այդ բնավայրի ամենախոշոր զավակին հաղթական մուտքը։ Մեկ քանի ժամվան մեջ արդեն ստեղծված էին այլևայլ առասպելներ Բուրբոնյանի շուրջը։ Անոր արտակարգ մանկությունը կը պատմվեր արևելյան գույներով. զինքը մկրտող Մամբրե քահանան, որ հիմա եկեղեցիի իր բոլոր իրավունքները, խոր ծերության պատճառով, զիջած էր նորընծայի մը, երջանիկ հիշատակներով կը պատմեր փոքրիկ Բուրբոնի ծնունդը, անոր արտակարգ ընդունակությունները։ Բուրբոնյան տան դրացիները բոլորն ալ վերհիշեցին զայն և ամեն անոնք, որոնք ավելի շատ բան կը հիշեին, ավելի բաղդավորված կը զգային ինքզինքնին։
Տեղվույն առաջնորդական տեղապահ Բառնաբաս վարդապետ Տեր-Կարապետյան, որ Արմաշի դպրևանքը երկու օրվա տեսած ըլլալուն համար ամեն օր և ամեն մարդու հպարտությամբ կը պատմեր, իր փոքրավորով և քարտուղարով, դեմ էր եկած վեղարը գլուխը և գավազանը ձեռքը։ Երբ հանդիպեցավ թափորին, որուն մասնակցողները կեցցեներ կը գոռային և վարդապետին հրամանով ուռիի ճյուղեր բռնած էին իրենց ձեռքերուն մեջ, պեխերը ավելի սրեց, ծնոտը ցցեց դեպի երկինք և աղաղակեց.
— Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Դաշնակցությունը։
Ժողովուրդը ինքնաբերաբար կրկնեց և քաղաքին բոլոր անկյունները արձագանքեցին այդ երջանիկ աղաղակը։ Բուրբոնյան Քրիստոսի նմանելու համար մեկ բան կը կարոտեր — իր գլխուն շուրջը չուներ լուսեղեն պսակ։ Դժվար է արձանագրել այստեղ թե մեր հերոսը այդ մասին մտածե՞ց թե ոչ։
Երջանիկ ամբոխը շրջապատեց Բուրբոնյանը։ Երգեցիկ խումբը զինքը առաջնորդեց դեպի եկեղեցին։ Ճանապարհին վրա, անիկա պետք էր անցներ իր պապենական տան առջևեն։ Իր հայրը և մայրը մնացած էին տունը ն ելած էին տանիքը, դիտելու տեսարանը, իսկ իր մեծ եղբայրները իրենց արտակարգ եղբոր ձիուն երկու կողմերեն կը քաշեին ձիուն ասպանդակները բռնած։