Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթոլիկներ։ Անիկա պատեհ առիթ համարեց խոսիլ հայ կաթոլիկներու մասին և սաստել զանոնք՝ դաոնալ հայ-լուսավորչականներ և ընդգրկել Հ. Հ. Դաշնակցության «աշխարհահռչակ» ծրագիրը։ Այս ատենն էր, որ Պոլսի մամուլին մեջ կը հուզվեր հայ-կաթոլիկներու խնդիրը, և իր ծննդավայրի մեկ քանի կաթոլիկ տուներ ունեցած էին դեպի իրենց մայրենի եկեղեցիին գիրկը դառնալու ջերմագին մտադրություն։ Անիկա խոսքը ուղղելով հայ-կաթոլիկներուն, ըսավ.— Հայաստանյայց կաթողիկե եկեղեցին է, որ պահած է դարերե ի վեր մեր ազգային գաղափարը, մենք կը պարտինք այս եկեղեցիի սյուներուն մեր այսօրվան ազգային ազատագրության ոգին և տենչանքը, պետք է խորթ չմնալ մեր եկեղեցիեն, պետք է առանց մտածելու թոթափել պապականության լուծը և վերադառնալ բուն Քրիստոսի, հայ հեղափոխության գիրկը։ Օ՛ն, ես, ես կոչ կընեմ ձեզի հետևիլ ինձ։

Երբ այս աղաղակը վերջացուց, բոլորը մեկանց սկսեցին ծափահարել։ Աղմուկին մեջեն կը լսվեին մեկ քանի երիտասարդներու ձայները, որ կը պոռային.

— Մենք կը վերադառնանք մեր մոր գիրկը, մենք կը թոթափենք անարգ պապականությունը։

Ժողովուրդը «կեցցե»-ներով դուրս բերավ դոկտ. Բուրբոնյանր։ Անիկա անմիջապես հեծավ իր ձին, որովհետև ամբոխին մեջ չափազանց կարճ կերևեր։ Թափորը դարձյալ շարժեցավ գյուղաքաղաքի նեղ փողոցներեն և հասավ գերեզմանոցը։ Դոկտ. Բուրբոնյանը իր ձիուն գլուխը ուղղեց դեպի հին երկու նահատակներու շիրիմներու մոտ, ուր թափորին առջևեն քալող ժողովուրդը խառնված էր։ Կիներեն ոմանք կուլային իրենց ուրախությունեն, աղջիկները տանիքներու վրայեն երեսնին լաչակ մը ձգած, գաղտագողի, բայց բուռն տենչանքով կը դիտեին օրվան հերոսը, այդ ձիուն վրա նստած երիտասարդը, որուն մանկության արտակարգ պատմությունը իսկապես համապատասխան էր իր այսօրվան փառահեղ մուտքին և քաջագործությանը։

Դոկտ. Բուրբոնյանը առանց ձիուն վրայեն վար իջնելու սկսավ հուզված և արտասվաթոր աչքերով ճառել երկու նահատակներուն վրա.