Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք, սրբազան նահատակներ, Մարտիրոս և Գարեգին, որ հիմա կը դիտեք ազատության արշալույսը, որ ես բերի այստեղ։ Ես գիտեմ, որ ձեր հոգիները հանգիստ են, և ձեր վրդովված գանկերը չեն թափառիր ուրվականներու պես մթության մեջ։ Ես ինքս վրեժ լուծեցի ձեր սրբազան մարմինները հոշոտող ժանդարմներեն, բացեք ձեր պայծառ աչքերը և տեսեք թե ինչպես անոնք կը հեծեծեն մութ բանտերու մեջ, տեսեք թե անոնք ինչպես հալածված են լուսավոր աշխարհեն և արևու լույսին կարոտ կը մնան։ Հանգիստ, խաղող և անդորր քնացեք դուք ձեր գերեզմաններուն մեջ, ո՜վ նահատակ եղբայրներ, Մարտիրոս և Գարեգին, որովհետև իմ ձեռքով ձեր վրեժը լուծված է։

Ճառախոսը իր ամբողջ թույնը թափելե հետո հին ռեժիմին վրա՝ վերջացուց այսպես.

— Մենք կը տանինք, մենք կը շարունակենք, ես կո խոստանամ բոլորին առջև, ձեր գործը ամենայն հավատարմությամբ, հարգանք և երկրպագություն ձեր թարմ շիրիմներուն։

Դոկտոր Բուրբոնյանը երբեք չհիշեց, որ շիրիմները 27 տարվան հնության կը ներկայացնեին։

Բոլորը կուլային, բոլորը կը հեկեկային։

Թափորը առաջ շարժեցավ, դոկտ. Բուրբոնյանը արդեն չափազանց հոգնած՝ իր ձիուն քայլերը ուղղեց դեպի իր հայրենի տունը։ Երբ հասավ դռան առջև, ձիուն վրայեն անգամ մըն ալ աղաղակեց.

— Կեցցե՜ Ազատությանը,

— Կեցցե՜ Հեղափոխությունը,

— Կեցցե՜ Չմշկածագը։

Ամբոխը խելահեղորեն պոռաց.

— Կեցցե՜ դոկտոր Բուրբոնյանը։

Դոկտորը խոնարհություն ըրավ և ձին քշեց դեպի ներս, գրեթե փակելով ձիու քամակին՝ միգուցե գլուխը զարներ դռան առիքին։ Անոնք, որոնք շատ մոտ էին Բուրբոնյանի տան՝ մտան ներս անձամբ տեսնվելու։ Առաջնորդը իր ամբողջ կազմով առանձնապես գնաց ժամանումը շնորհավորելու և իր հոտին ողջույնը մատուցանելու։