Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևակայության մեջ սկսան զինվորական մարզանքներու։ Անիկա հաճախ կը ցատկեր ոտքի և կը պոռար ահռելի ձայնով.

— Կեցցե՜ բանակը։

Ո՞ր բանակը, որտե՞ղ, ինչո՞ւ — ո՞վ էր հարց տվողը։ Հասարակության պաշտոնն է զարմանալ և անիկա... կը զարմանար։

Շուտով վրա հասավ Իտալո-թուրք պատերազմը։ Ռազմական մարդոց համար հարց չկար թե՝ ինչո՞ւ կը մղվեր այս պատերազմը։ Պատերազմը ինքնին տրամաբանական էր։ Դոկտ. Բուրբոնյանը առժամանակապես լքած իր կազմած բանակին նպատակը՝ երևակայեց գործնական միջոցներ ձեռք առնել իր ռազմական ընդունակությունները ցույց տալու օգնելով... թուրք բանակին։

Անիկա բացավ իր ծոցի տետրակը, աչքե անցուց իր արձանագրած հայ ռազմիկներու թիվը և անմիջապես թռուցիկ մը խմբագրեց և ղրկեց զանազան գավառներ կոչ ընելով երիտասարդության՝ կազմելու համար կամավորական բանակ մը կռվելու իտալական ոտնձգությանց դեմ։

Թռուցիկին մեջ հիշված էր, որ «դրականորեն պատասխանողները» պետք էին շուտով մեկնիլ դեպի Պոլիս՝ անկեց ալ դեպի ռազմաճակատ — և ինք մեկնեցավ անմիջապես Թուրքիո մայրաքաղաքը նախապես հեռագրելով Օսմանյան պետության պատերազմական նախարարության։

Իտալո-թրքական պատերազմի սկսելուն մեր հերոսը կը գտնվեր Երզնկայի մեջ։ Թրքական 4-րդ զորաբանակի հրամանատարը, ոգևորված հայու մը այս ժեստեն, փութաց նշան նվիրել դոկտ. Բուրբոնյանին Պոլիս մեկնելե առաջ։ Երզնկայի կառավարական շենքի մեծ հրապարակին վրա թուրք հրամանատարը մեծ ցույց մը սարքեց, հրամայեց զինվորական երաժշտախմբին դուրս գալ և նվագել։ Բազմաթիվ ժողովուրդ հավաքված էր հրապարակը և դոկտ. Բուրբոնյան զինվորներու «փադիշահըմ չոք յաշա» օվսաննաներու և ժողովաւրդի կեցցեներու մեջ հրավիրվեցավ և նշան ստացավ։ Դոկտ. Բուրբոնյան նշանը առնելե հետո՝ ցատկեց կառավարական շենքի սանդուխներու վրա և թուրքերեն արտասանեց