Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դոկտ. Բուրբոնյանը շատ շուտով նկատեց, որ իր պատկանած կուսակցության սոցիալիստական ծրագիրը հով էր։ Այս կուսակցությունը կը հետապնդեր զուտ նացիոնալիստական մտքեր։ Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ հայ նացիոնալիզմը հայոց հին թագավորության վերահաստատումն էր։

— Այս նոր թագավորության հիմնադիրը ես պիտի ըլլամ, մտածեց պահ մը և այդ մտածումին հաջորդեց իր բոցավառ երևակայությունը։

Անոր թվեցավ, որ մեկը կը հակաճառե իրեն, զայրացավ, ոտքերը գետնին զարկավ և աղաղակեց.

— Ո՞վ է ինձ չի հավնողը, ես եմ, և մտքին մեջ ըսավ. հայոց Բուրբոնյան թագավորություն Քրիստոսի թվականին 19...— չի կրցավ ճիշտ թվականը որոշել և թռղուց զայն մոտավոր ապագային։

Բայց անիկա ուժեղ կերպով հետապնդեց բանակ կազմելու գաղափարը։

Բանակ կազմելու համար իր առաջին գործը եղավ երթալ շուկա և փոքրիկ, սիրուն տետրակ մը գնել զինվորներ արձանագրելու համար։ Անիկա սկսավ, իր ճառախոսություններու ընթացքին, կոչ ընել ունկնդիրներուն արձանագրվիլ Հայաստանի ազատագրության համար։

— Ով որ պատրաստ է իր կյանքը զոհել՝ թող ձեռք բարձրացնե, կաղաղակեր իր ճառախոսության վերջը։

Հասարակության մեջ գտնվող հարյուրավոր ձևի մարդիկ կր բարձրացնեին իրենց ձեռքերը։ Դոկտ. Բուրբոնյանը աչքե կանցներ ձեռք բարձրացնողները և տետրակը հանելով իր գրպանեն տեղնուտեղը կարձանագրեր։

— 150 քաջ զինվորներ Բեսիրիկ գյուղին մեջ, 200 անձնվեր զինվորներ Մարաշի մեջ, 3 500 ռազմիկներ Սեբաստիայի մեջ (նահանգը), 7 000 կրակոտ մարտիկներ Մուշի մեջ (դաշտը մեջը), 5000 անհաղթելի կտրիճներ Վասպուրականի մեջ, իսկ այստեղ ալ (անմիջապես արձանագրելով տետրակին մեջ) Արաբկիրի մեջ՝ 750 երկաթե կուրծք ունեցող ֆիտայիներ...

Հետզհետե այս թիվերը շատցան և դոկտ. Բուրբոնյանի