եկող կամավորներուն զենք բաժնել և «անմիջապես ուղարկել Պոլիս, ուր հարկ եղած կարգադրությունները ինք կընե»։ Կարապետը ընտրեց իրեն հավատարիմ և հլու ծառա և կես-գիշերին երկու ձիով մեկնեցավ դեպի Բաբերդ և անկեց ալ Տրապիզոն:
Երբ ճամփա ինկավ դոկտ. Բուրբոնյանը՝ Կարապետին տվավ հարկ եղած «զինվորական» հրահանգները.
— Կարո, ինձ նայիր, ինձ կը կանչես դոկտոր էֆենտի և միշտ բարև բռնած, ինչպես հլու-հնազանդ և կարգապահ զինվոր։
— Շատ աղեկ, դոկտոր էֆենտի, պատրաստակամ պատասխանեց Կարոն։
— Ուր որ կը հասնինք, շարունակեց Բուրբոնյանը, անմիջապես կը վազես և Փայլակիս սանձը կը բռնես, մոտիկ մարդոց նշան կընես ինձ մոտենալ պատկառանքով։ Ո՛վ գիտե, կրնա ըլլալ մարդիկ պատահին, որ ինձ չճանչնան...
— Ձեզ չճանչնա՞լ, դոկտ. էֆենտի, ես բոլորին ալ ճանչցնել կուտամ Ձեզ։
— Աֆերիմ, Կարո, աֆերիմ, իմ ծառայիս պարտականությունը այդպես պիտի ըլլա։
Մինչև այս` Կարոն գիտեր, որ ինք կամավոր զինվոր է և ոչ ծառա, ինչպես Բուրբոնյանը կը հորջորջեր, բայց նախընտրեց լռություն պահել առայժմ։ Կարոն ինքն ալ իր անհատական կյանքին մեջ ինքզինք էֆենտի կզգար, բայց բաղդը զինքը աղքատացուցած էր և հիմա ստիպված էր հերոս ըլլալ։ Բուրբոնյանի կոչը լավ առիթ էր, մանավանդ որ մեկ աչքը չկար և հեղափոխական կեղծ անունն ալ պատրաստ էր՝ Թեք Տապանչա։
Բուրբոնյանը և Կարոն հասան Տրապիզոն, ճանապարհին ժամանակ չունենալով մնալ որևէ տեղ և ճառախոսել, զինվորներ հավաքել, որովհետև, ինչպես Բուրբոնյանը ամեն վայրկյան կը կրկներ, «զինվորներ հավաքված կըլլան Պոլիս և համապատասխան կարգադրություններ չեն ըլլար»։ Անոնք ստիպված եղան երկու օր սպասել Տրապիզոնի մեջ, որովհետև նավ չկար։ Բուրբոնյանը հարմար տեսավ հրապարակային միտինգ կազմակերպել և կոչ ընել «գիտակից երիտասարդության»