գալ իր ետևեն և ջախջախել իտալական բանակները։
Համաձայն իր տետրակին՝ Տրապիզոնը կուտար 50 ռազմիկ։ Ատենին երբ անիկա Տրապիզոն գնաց հեղափոխական պրոպագանդի՝ հուսահատ դուրս եկավ։ Հիմա կոկորդը պատռելու չափ պոռաց և աղաղակեց, բայց մյուս օրը Կարոյի չափ ալ արդյունք չտվավ, բայց այս պարագան երբեք չհուսահատեցուց մեր հերոսը, որովհետև Տրապիզոնը արդեն գրեթե դուրս էր ծրագրեն։ Երկու օր հետո նավը եկավ և անիկա ուղևորվեցավ օսմանյան մայրաքաղաքը։
Երկրորդ անգամ ըլլալով, հեռագրեց Թուրքիո պատերազմական նախարարության և Հ․ Հ․ Դաշնակցության Կ․ Պոլսո պատասխանատու մարմինին, կամ ավելի ճիշտ է ըսել, Թուրքիո և Հայաստանի պատերազմական երկյակ նախարարությանց։
Առաջին օրը Բուրբոնյանը իջևանեց Pera Palace օթելը, վարձեց վերի հարկի վրա սենյակ մը իր համար և վարի հարկը սենյակ մը՝ Կարոյին համար։ Առաջին գիշերը ուզեց հանգստանալ. ոևէ պաշտոնական մարմինի լուր չտվավ իր ժամանելը։ Բայց իրիկունը՝ քնելե առաջ, երևակայեց․
— Իմ զորքերը կըլլան ավելի ուժեղ և թարմ, որովհետև անոնք կուգան Հայաստանի անառիկ լեռներեն, խմած են հայրենիքի զով և կազդուրիչ ջուրը, ծծած են առողջարար օդը։ Իտալացիներու վրա տարած հաղթություններես ետքը ես շքով և փառքով կը վերադառնամ Հայաստան և իմ հաղթական լեգեոններով կը հայտարարեմ Արևելյան Անատոլուի անկախություն։ Այդ հաղթություններես ետքը ոչ ոք կրնա իմ դեմ խոսիլ։ Կը փշրեմ բոլորը, ես հաղթական եմ, ես ջախջախեցի իտալական կատաղի զինվորները։
Տակավին շատ պիտի երկարեր երևակայությանց այս սարսափելի շարքը, եթե հանկարծ Կարոն չմտներ և չընդհատեր։
— Դոկտոր էֆենտի, փաշփորթ կուզեն։
— Շատ լավ. կը հրամայեմ՝ ինձ ներկայանալ և ստանալ։
Կարոն անմիջապես դուրս գնաց և հայտնեց Բուրբոնյանի