Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո՝ Գոգոն մայրիկի համար բերեց մեծ, չինական գավաթով թրքական կոֆե, այն գավաթով, որով միայն հայրս էր խմում և նրա մահվանից հետո երբեք չէր գործածված։ Մայրս բռնեց գավաթը, արցունքի մեծ-մեծ կաթիլները կախվեցին նրա շագանակագույն խոշոր աչքերից, հանկարծ տեսանք, որ Գոգոն էլ լաց էր լինում, մենք էլ միացանք այդ արցունքներին, լուռ, մորմոքիչ արցունքներին։ Երկար լռությունից հետո՝ մայրս հայտարարեց.

— Այս տան մեջ ոչ մեկ փոփոխություն չպիտի ըլլի...

Մորս այդ հայտարարությունն այնքան վճռական էր, որ բոլորս էլ դողացինք։

Հաջորդ առավոտյան, Լևոնը հենց որ զարթնեց, գնաց պարտեզ։ Գոգոն պարտեզի ծաղիկներն էր ջրում։

Վճիտ, մաքուր, լվացված առավոտ էր։

Լևոնը կամաց-կամաց, տատանվելով և վախենալով, բայց ներքին վճռականությամբ, մոտեցավ Գոգոյին և փաթաթվեց նրա վզով։ Գոգոն անմիջապես ցնցուղը դրեց խոտի վրա, գրկեց Լևոնին, համբուրեց երկար և խորոնկ սիրով շշնջաց.

— Յավրո՜ւս, իմ աղվորիկ յավրո՜ւս...

Զ

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը. մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա