Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելով, որ Գոգոն լռություն և պաղարյունություն պահպանեց։

Մայրս սկզբում մեղմ սկսեց, ուզեց առանց միջադեպի խաղաղացնել Լևոնին, բայց այդ մեղմությունից Լևոնը թև առավ և շարունակեց խիստ պահանջն ավելի կոպտությամբ։

— Տղա՛ս, Գոգոն այս տան մեջ 23 տարով ավելի է ապրեր, քան դուն, դուն երեկվան տղան ես այս առիքին տակ, եթե այս տան կարգադրությունները գործուդ չեն գար, կրնաս անմիջապես ինքդ հեռանալ այս տունեն։

Լևոնը լռեց։ Մենք բոլորս էլ դժգունեցինք։ Մայրիկը պարզապես իր որդուն տնից դուրս էր վռնդում։ Կատակ չէր։

Լևոնը լռությամբ դուրս եկավ դահլիճից, մայրիկը շարունակեց.

— Այս տան համար Գոգոն մեզմե ավելի է մտածեր, ավելի շատ է չարչարվեր, տան պատերուն ամեն մեկ քարը անոր ձեռքը կճանչնա, որո՞ւ բերնին է ինկեր այդ մարդը դուրս հանել, ամոթ։

Այս վերջին բառը մայրիկը կարծես բոլորիս էլ շպրտեց։ Բոլորս էլ գլուխներս կախեցինք։ Մեծ եղբայրս մոտեցավ մայրիկին, ուզեց Լևոնի համար նրա վճիռը մեղմացնել։

— Ես զինքը դուրս չեմ վռնդեր,— ասաց մայրիկը,— բայց եթե ինքը կպահանջե անոր դուրս ելլալը, ինքը պիտի ելլա։

Այս խոսքերից հետո՝ Գոգոն, արցունքն աչքերին, մոտեցավ մայրիկին, համբուրեց նրա ձեռքը և ասաց․

— Խանըմ, Լևոնը թող հոս մնա, ես կերթամ, քեզմե ալ շատ ռազի իմ։

— Գոգո, — պատասխանեց մայրիկը կես կշտամբանքով,— տղայի հետ տղա մի ըլլար, ով ինչ կըսե, թող ըսե, դուն ինձի նայիր։

Գոգոն դուրս գնաց լռությամբ և մտնելով խոհանոց՝ սկսեց օջախի կրակը փչել։

Երեկոյան, ընթրիքին, Լևոնը չերևաց։

Մայրիկը մինչև անգամ չհետաքրքրվեց, թե Լևոնը տա՞նն է թե ոչ։ Ընթրեցինք շատ տխուր, ոչ ոք չէր խոսում, ամեն մեկս ջանացինք շուտ վերջացնել և վեր կենալ։ Ընթրիքից