Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նո՞ր մարդ... երևի, կարծում ես, Կիևի համալսարանից է։

Պրոֆեսորը զարմացած նայեց կնոջը։

— Մեզ Դիլիջան տանող-բերող շոֆերն է։

— Не может быть!

— Այո՛, նա է։

— Քաղաքային խորհրդի նախագահ...— երկարացրեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

— Այն էլ մայրաքաղաքի,— ընդգծեց Ելենա Բեգլարովնան։

— Այս բոլորից փչում է կծված յուղի հոտ, Ելենա։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանին նախ և առաջ դուր չեկավ, որ սկսեցին իրեն ընկեր Մելիք-Անդրեասյան կանչել։

Նա մի անգամ մինչև իսկ զայրացավ և ասաց շատ քաղաքավարի և զգուշավորությամբ.

— Ես ինչո՞ւ ձեր ընկերն եմ

Բայց սրան շուտ վարժվեց, այնքան արագությամբ ընդհանրացավ այդ և դարձավ հասարակ մի դարձվածք։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։

— Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։

— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ...

— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։

Ելենա Բեգլարովնան, որ իր ամուսնու կարծիքներն ու մտքերն ընդունում էր առանց քննադատության, այս վերջինը