Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պրոֆեսորին և լռեցին, միայն Ելենա Բեգլարովնան հավանություն հայտնեց այդ կարծիքին և ասաց․

— Միքայելը ճիշտ է ասում, այս խնդիրները պետք է շատ խելոք կերպով վճռել։

Պրոֆեսորը, չբավականանալով միայն իր կնոջ արձագանքով, շարունակեց.

— Պատմության մեջ դասեր շատ կան, պետք է օգտվել այդ դասերից։ Ելենա,— ասում էր պրոֆեսորը,— ինձ դուր չի գալիս, որ Հարությունն այսքան շատ և խոր թաղված է քաղաքական գործերի մեջ, վերջապես նա ֆիզիոլոգ է և ետ է մնում գիտական ասպարեզում։

— Ճիշտ ես ասում, բայց կտեսնես, որ նա մի օր կդառնա մինիստր, իսկ դու...

— Պատմության ամբիոնը ես չեմ փոխի մինիստրական պորտֆելի հետ,— միջամտում էր պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

Ելենա Բեգլարովնան լռում էր։

Խորհրդային իշխանություն ստեղծվելուց հետո, սակայն, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը նախկին պասսիվ մարդը չմնաց, սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին։ Նախկին իշխանության օրով, երբ նրան մինչև անգամ չէր շահագրգռում հանրապետության վարչապետի ով լինելը, սկսեց հետաքրքրվել ամեն մի պաշտոնյայի նշանակմամբ։

Հեղաշրջումից մի քանի օր հետո, երբ երեկոյան տուն եկավ և լրագիրը կարդաց, անտարբերությամբ անցավ մի հաղորդման մոտով, բայց Ելենա Բեգլարովնան նրան զարթեցրեց։

— Կարդում ես և անցնում, Միքայել։

— Ի՞նչ կա։

— Քիչ առաջ կարդացիր, որ քաղաքային խորհրդի նախագահ է նշանակվել Ռուբեն Մատթեոսյանը։

— Այո, կարդացի։

— Գիտե՞ս ով է Ռուբեն Մատթեոսյանը։

— Ոչ, չեմ ճանաչում, երևի՝ նոր մարդ է։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։