քան քո սեփական կյանքը, որովհետև, եթե այդպիսի հարց տամ քո մասին, դժվար թե կարողանաս պատասխանել։
— Ճիշտ է, ճիշտ է:
— Իսկ հետո ի՞նչ,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, աշխատելով թաքցնել իր հեգնական տրամադրությունը։
— Ես չվերջացրի։ Նապոլեոնն ինձ համար ուժի, հանդգնության, իմաստության վեհագույն սիմվոլն է, նա ինձ համար ավելի մեծ է, քան Մակեդոնացին և Կեսարը, օրինակի համար, եթե մենք վերցնենք Մակեդոնացու..․․
Ելենա Բեգլարովնան, ահաբեկվելով, որ պրոֆեսորը կսկսի արտասանել մի երկար դասախոսություն՝ ապացուցելու, որ Նապոլեոնը Մակեդոնացուց և Կեսարից մեծ է, որովհետև այդպիսի դասախոսություններ շատ էր լսել տանը՝ նրա միակ աուդիտորիան հանդիսանալով, կտրեց նրա խոսքը և ասաց.
— Կարճ ասա
— Ես այժմ ստիպված եմ ասել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ասել պարզապես, որ Նապոլեոն Բոնապարտը մի ավանտյուրիստ էր, փառամոլ և ունայնամիտ...
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դժգունեց, այլևս չկարողացավ շարունակել, ինչ-որ ծանր մի ճնշում զգաց կոկորդում։
Ելենա Բեգլարովնան մի բաժակ ջուր հասցրեց նրան, հանգստացրեց՝ գլուխը շոյելով և համբուրելով նրան, բայց չկարողացավ իրեն զսպել և ասաց.
— Չի՞ լինի, որ Նապոլեոնի մասին չխոսես։
Այս անգամ պրոֆ. Մելեք-Անդրեասյանր ծիծաղեց.
— Անցնել Արևմտյան Եվրոպայի նորագույն պատմությունը և լռություն պահել Նապոլեոնի մասին... հա՜, հա՜, հա՜...
Ելենա Բեգլարովնան պրոֆեսորի ծիծաղի վրա զայրացավ և նյարդային տոնով ասաց.
— Երբ եղբորդ համար գրում են ավանտյուրիստ, հակահեղափոխական, գող և այլն, հասկանում եմ, որ զայրանում ես. կարծես Նապոլեոնը հարազատ եղբայրդ է։
— Նապոլեոնն ավելի հարազատ է, քան Հարություն Աբրահամի Մելիք-Անդրեասյանը, Ելենա Բեգլարովնա,—