Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիսավոր և ծանր տոնով հայտարարեց պրոֆեսորը և ոտի կանգնեց։

— Ի՞նչ է, Նապոլեոնի համար հասարակական դի՞րքդ պիտի կորցնես։

— Դրան համաձայն եմ, հասարակական դիրքը չպետք է կորցնել։ Բայց ինչպե՞ս անեմ, որ հասարակական դիրքս պահեմ և ես էլ չկորչեմ։

— Դու ինչո՞ւ պիտի կորչես։

— Չեմ կարող, Լենոչկա, չեմ կարող Նապոլեոնին, առանց ամաչելու և առանց հոգեկան տագնապի, հայտարարել ավանտյուրիստ։

Այդ երեկո նա ապրեց հիվանդագին մի վիճակ, գիշերը գրեթե չքնեց՝ չկարողանալով ազատվել այդ մասին մտածելուց։ Ելենա Բեգլարովնան հավասարապես տառապեց ոչ թե Նապոլեոնի, այլ իր ամուսնու համար, նրա փաղաքշանքները, նրա տաք և անկեղծ գուրգուրանքները չկարողացան փարատել ամուսնու վիշտը՝ մինչև առավոտը բացվեց և սկսվեց կյանքի առօրյան։

Այդ խոսակցությունից ճիշտ երկու շաբաթ հետո՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, հոգեկան բարձր վիճակով, սկսեց դասախոսությունները Նապոլեոն Բոնապարտի մասին՝ շատ հեշտությամբ ապացուցելով նրա խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։

Նրանք, որոնք տեղյակ էին նրա՝ Նապոլեոնի մասին ունեցած պաշտամունքին, լսելով նրա դասախոսությունները, եկան այն համոզմունքին, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի մեջ կատարվել է հիմնական բեկում, որ նա անդառնալիորեն և հաստատ ոտներով կանգնած է մարքսիստական պատմական մատերիալիզմի հողի վրա!!!

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի անունը սկսեց հոլովվել ամեն տեղ, խորհրդային մամուլը տպագրեց նրա կարծիքը հեղափոխության և խորհրդային պետականության մասին։

«Պատմական անցքերի և անձնավորությունների, դեպքերի և դեմքերի, մարդկանց և իրերի (այսպիսի կրկնողական ոճ ուներ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը) ճշգրիտ վերլուծությունը և լուսաբանությունը հնարավոր է միայն մարքսիստական