այն եղավ, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի՝ Արևմտյան Եվրոպայի պատմության ծրագիրը միանգամայն համապատասխանում է ժամանակակից, մարքսիստական, դիալեկտիկական պահանջներին։
Այդ օրը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը տուն եկավ զարմանալի տարտամ տրամադրություններով՝ մերթ ուրախ էր, մերթ մինչև անգամ մռայլ։ Ելենա Բեգլարովնան, որ շատ մոտից հետևում էր իր ամուսնու տրամադրություններին, ասաց.
— Այսօր մի տեսակ, տարօրինակ ես։
— Ծրագրերի քննություն կար,— պատասխանեց պրոֆեսորը,— երևակայիր, իդեալիստական ոչինչ չգտան իմ ծրագրի մեջ։
— Ւնչո՞ւ ես զարմանում,— հարցրեց Ելենա Բեգլարովնան, որի համար հավասարապես նշանակություն չունեին՝ իդեալի՞զմ, թե մատերիալիզմ։
Պրոֆեսորը սուր կերպով նայեց կնոջը, թեթև ծիծաղեց և չպատասխանեց։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, ինչքան ժամանակն անցավ, այնքան սկսեց կարոտն զգալ հին կյանքի։ Նա տեսնում էր, որ հին կյանքը թռչում էր, արագ ու սրաթև հեռանում և ինչքան հեռանում էր, այնքան խորը թաղվում էր քաղցր և թովիչ մշուշում։ Երբ նա դուրս էր գալիս պատշգամբ, դիտում նոր կանաչած դաշտը և ներշնչում արևից կակղցած հողի բույրը, նրան թվում էր, որ կանաչն ու հողը դեռ հնից շատ բան են պահում իրենց մեջ, մանավանդ հեռուն բարձրացած, երկնահուպ զույգ լեռների գագաթները, որոնք մխրճվում էին երկնքի պայծառ կապույտում։
Երկար ժամերով նա դիտում էր Արարատյան դաշտում օրորվող տխուր կաղամախիները, նրա հոգին ճոճվում էր նրանց դանդաղ և վեհորեն հանգիստ ռիթմով, տեսնում էր արագիլները, որոնք ահա վերադառնում էին հարավի երկրներից, սավառնելով ծովերի չքնաղ կապույտի վրայով, և իջնում իրենց հին կաղամախիների բույների վրա, արագիլներ,