որոնց վրա երբեք չազդեցին քաղաքական և հասարակական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մարդկանց աշխարհում։
Պատշգամբում, գարնան անուշաբույր քամիների առաջ, ամբողջ դեմքը ներկված վերջալույսի արյունով, կուրծքը լցված թարմագույն շնչով, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին պատում էր մռայլագույն թախիծը, աչքերը լցվում էին տաք արցունքի կաթիլներով։ Այդ թախիծը նրան պատում էր այն փոփոխություններով, որ սողոսկում էին նրա իմացականության մեջ ակամա, գրեթե բռնի կերպով։
«Մատերիա... ամեն ինչ նյութ է, բոլոր երևույթները, բոլոր շարժումները նյութի այլազան հատկություններն են, առարկան է, որ կա և անդրադառնում է հոգու և մտքի էկրանի վրա, առանց այդ առարկայի չկա անդրադարձում, հոգին ինքը մատերիայի շարժումն է, շարժման հատկություններից մեկը, առանց նյութի գոյություն չունի միտքը և մտքի թռիչքը»,— մտածում էր նա։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, անդրադառնալով այդ խնդիրներին, ցնցում էր գլուխը՝ ցանկանալով խուսափել մտքերի մռայլ այդ հոսանքից, բայց մի ուրիշը, ավելի ուժեղ թափով, խուժում էր նրա մտածողության դաշտը։
«Պատմությունը (ամենազգայուն) և ջղագրգիռ կետը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար) դասակարգային կռվի պատմությունն է։ Ուրեմն, ազգերը չեն կռվել իրար հետ, դեռևս նոր վերջացած համաշխարհային պատերազմը ազգային կռիվ չէ՞ր․․․»։ Ակամա պրոֆեսորը հարց էր տալիս ինքն իրեն․ «Ապա ինչո՞ւ պայքար է տեղի ունեցել և ազգի մեջ»։ Այստեղ նա մի պահ մտածում էր և քիչ հետո, բացատրելով այդ իշխանների անհատական նախանձի, փառասիրության և արշավանքի տենչերի գոյությամբ, վեր էր կենում և ներս գնում պատշգամբից, երբ Արարատյան երկնքի վրա աստղեր էին թափվում, և ջինջ օդում անտեսանելի բյուրավոր զանգակներ էին կախվում։
— Ելենա,— շշնջում էր նա կնոջը,— բնությունը գեղեցիկ է, բայց վախենում եմ, որ մարդիկ փչացնեն նրա գեղեցկությունը։