Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։

— Չէ՞ որ դու ասում էիր...

— Այո, ես ասում էի, որ հարմարվելու համար եմ ասում այն, ինչ ասում եմ Նապոլեոնի մասին և առհասարակ, բայց չէ՞ որ ասում եմ, և մարդիկ հավատում են ինձ, նոր սերունդն այնպես էլ սովորում է, որ Նապոլեոնը ուրիշ բան չէ, եթե ոչ... տանն էլ չկրկնեմ միևնույն հայհոյանքը, Ելենա, ներիր ինձ։

Այս դեպքից քիչ անց՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի մոտ եկան երեք ուսանողներ, որոնց հետ պրոֆեսորը պիտի կազմեր պատմության խմբակների ծրագրերը։

Ուսանողները ծրագրի մի նախագիծ կազմել էին, որի համաձայն՝ գոյություն պետք է ունենային պատմության երեք խմբակ՝ Ա․ արևմտյան պատմության, տնտեսական մասն ուսումնասիրող խմբակ, Բ․ հասարակական կյանքն ուսումնասիրող խմբակ, Գ. քաղաքական կյանքն ուսումնասիրող խմբակ։

Նախագծի այս մեթոդը չափազանց դուր եկավ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին։ Դա հին մեթոդ էր՝ պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։ Ուսանողները հետևել էին հին, շաբլոն մեթոդին և ըստ այնմ նախագիծը կազմել։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար ժամանակ տատանվեց պատասխան տալու. նրա մեջ տեղի էր ունենում ուժեղ պայքար՝ փոխի՞ այդ նախագիծը թե ոչ։ Վերջապես, չկարողացավ դիմադրել, հակառակ իր ներքին ցանկության, այն ճշմարտությանը, որը սողոսկել էր նրա մեջ և ասաց.

— Չէ՞ որ պատմության տնտեսական, հասարակական և քաղաքական երևույթները սերտորեն, անքակտելիորեն կապված են իրար՝ հասարակականը և քաղաքականը նույնն են, ինչ որ տնտեսականը և ընդհակառակն։ Ճիշտ է, որ պետք է կազմել երեք խմբակ, յուրաքանչյուր կուրսի համար մի-մի խմբակ։ Ի՞նչ պետք է լինի սրանց տարբերությունը։ Պարզապես մեկը մյուսից մի քիչ ավելի լայնորեն և խորապես պիտի ուսումնասիրի, ուրիշ ոչինչ։