Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ուսանողների հետ միասին պրոֆ. Մելիք-Անդրեասյանը կազմեց մանրամասն ծրագիր՝ ըստ յուրաքանչյուր խմբակի ուսումնասիրության օբյեկտների։

Ուսանողները, կարծելով, որ վերջացավ իրենց խոսակցությունը, վեր կացան հրաժեշտ առնելու, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը խնդրեց նրանց մի քանի րոպե ևս մնալ։ Նրա մեջ տեղի էր ունենում ավելի ուժեղ պայքար, քան երբևիցե։ Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։ Նա ուզում էր առաջարկել՝ կազմել, ի հավելումն արդեն քիչ առաջ կազմված խմբակների, մի նոր խմբակ, որ պետք է լիներ բացառապես նորություն, բայց դա նշանակում էր ամենաուժեղ զենքը տալ ուսանողների ձեռքն իր իսկ սիստեմի դեմ։

Վերջապես ասաց պրոֆեսորը.

— Ես առաջարկում եմ կազմել մի խմբակ վերջին կուրսում, որն ուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։

Ուսանողները, առաջին հերթին, կարծեցին, թե դա նպատակ է հետապնդում պատմության հին մեթոդների թարմացման, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, զգալով տարակուսանքն ուսանողների դեմքերի վրա, ավելացրեց.

— Պատմության հին մեթոդների ուսումնասիրությունը պետք է նպատակ ունենա երևան բերելու այդ մեթոդների խոցելի կողմերը, օրինակ՝ պետք է վերցնել պատմական մի կոնկրետ դեպք, պատմական մի երևույթ, որոշապես իմանալ, թե այդ երևույթը, երկար տարիների ընթացքում բուրժուազիայի խոշոր պատմագիրներն ինչպես են մեկնաբանել, և այդ մեկնաբանությանն անմիջապես հակադրել նորը և ցույց տալ այն բացարձակ առավելությունները, որոնք բովանդակվում են նորի մեջ, մի խոսքով՝ պատմության մատերիալիստական ըմբռնման մեթոդի մեջ։

Ուսանողների դեմքերի վրա անհետացավ տարակուսանքը, և պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը ժպտաց գոհունակությամբ,