— Իսկ դուք մտնո՞ւմ եք իմ դրության մեջ,— հարցրեց կաթողիկոսը։
Հարցը շատ շեշտակի էր, պրոֆեսորը հարմար համարեց լռել։
Լռությունից օգտվելով՝ կաթողիկոսը զանգ տվեց։
Ծառան անմիջապես ներս մտավ և ընտանի կերպով մոտեցավ կաթողիկոսին։ Վերջինս գրպանից հանեց փոքրիկ բանալիների մի փունջ և, բռնելով նրանցից մեկը, ասաց.
— Պրոֆեսորին թեյ կբերեք լիմոնով։
Ծառան բանալին վերցրեց և դուրս գնաց։
Պրոֆեսորը լսել էր, որ զառամյալ կաթողիկոսն իր տան անձնական տնտեսությանը խստիվ հետևող մի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, որ պահարանի բանալին պահում էր հայրապետական պատմուճանի գրպանում։
— Այժմ լիմոն դժվար է ճարվում, պրոֆեսոր,— ասաց կաթողիկոսը։
— Քաղաքում բոլորովին չկա, Ձերդ սրբություն,— արձագանքեց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը մեքենայորեն։
— Այո, լսել եմ։ Ասացեք, խնդրեմ, լիմոնին ի՞նչ պատահեց,— հարցրեց կաթողիկոսն այնպիսի լուրջ և ցավագին տոնով, կարծես հարցնելու լիներ, թե ի՞նչ պատահեց հայկական հարցին։
Մի պահ նորից լռություն տիրեց։ Պրոֆեսորն անձկությամբ սպասում էր լսելու կաթողիկոսի կարծիքը մեր օրերի մասին, ուստի, մի կողմ դնելով ծառայի մատուցած թեյը, երկյուղածությամբ և դողդոջուն ձայնով հարցրեց
— Ի՞նչ է մտածում Ձերդ սրբությունը:
— Ինչի՞ մասին։
— Նու, առհասարակ։
— Գիտեք, պրոֆեսոր, մենք մի վարդապետ ունենք, Պոլսից է, նախքան վարդապետ ձեռնադրվելը եղել է դեղագործ, այդ մարդն ինձ համար ուղղակի փրկություն հանդիսացավ։
— Ի՞նչ տեսակետից, Ձերդ սրբություն,— խորապես հետաքրքրվեց պրոֆեսորը։
— Դեղորայք, կոմպրես, բանկաներ, կլիզմա և այլն։