Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրաշալի է...

Պրոֆեսորը ձեռքը երկարեց թեյին, մտադրվեց այլևս հարց չտալ, բայց մի ներքին ուժ մղեց նրան։

— Ձերդ սրբություն, ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը մեր էպոխայի մասին։

— Էպո՞խայի․․․ ողջ աշխարհը գժվելու է, զավակս, այս գաղափարը․․․ ի՞նչ են ասում դրան, հըմ․ այս․․․

— Սոցիալիզմը։

— Այո, սոցիալիզմը, դա որ դուրս եկավ, ողջ աշխարհը տակնուվրա է անելու։

— Իսկ ի՞նչ է Ձերդ սրբության կարծիքն այդ մասին,— հարցրեց պրոֆեսորը։

— Քրիստոնեական եկեղեցու պետին այդ հարցը, ես կարծում եմ, ավելորդ է. պարզ է, բացի քրիստոնեական հավատքից չի կարող ուրիշ ոչ մի հավատք գոյություն ունենալ մեզ համար։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատրաստվեց մի հարց ևս տալ, բայց քրիստոնեական եկեղեցու պետը նորից զանգ տվեց։ Ծառան մտավ ներս։

— Բարնաբաս,— ասաց կաթողիկոսը,— բանալիները չբերիր։

— Այս րոպեիս, վեհափառ,— պատասխանեց Բարնաբասը և փութկոտ վազեց դուրս։

— Մի քիչ անուշադրություն, և պրծավ... ոչինչ չի մնա պահարանում,— ջղային ավելացրեց քրիստոնեական դարավոր եկեղեցու պետը։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը որոշեց այլևս ոչ մի հարց չտալ։ Երբ Բարնաբասը վերադարձրեց բանալիները, կաթողիկոսը դրեց գրպանը և գոհունակությամբ շշնջաց.

— Այսպես։

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, օգտվելով Բարնաբասի ներս մտնելուց, թեյը թողեց կիսատ, ոտի կանգնեց և մոտենալով կաթողիկոսին.

— Ձերդ սրբություն,— ասաց նա,— թույլ տվեք հեռանալ։