Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փրկել իր մեկ հատիկ անհավատ որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։

Գիշերը լուսին կա, լիալուսին, որ սպիտակ և կլոր հացի նման բացվել է կապույտ երկնքում։ Եկեղեցիների և մատուռների սիլուետները որոշապես գծագրվում են լուսնի շողերի տակ։ Գիշերվա մեջ արարատյան հին ոճն ավելի ռելիեֆ է, ավելի ցայտուն, քան ցերեկը։

«Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում։ Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը, բարձր, նեղ, դիմահար պատուհանները, մեզ հարկավոր են կառուցումներ, որոնց մեջ արեգակը հեղեղի, ծեփի բոլոր պատերը ոսկով ու արծաթով։ Մեզ հարկավոր չեն ադամանդակուռ վարագույրները, մեզ հարկավոր չեն սրմահյուս շուրջառներ, ոսկեպատ խաչվառներ և ակնեղեններով հագեցած հայրապետական գավազաններ, մեզ հարկավոր են պարզ, կարմիր դրոշներ, թող տան մեզ լուսածոր ոճ, առանց մթին խորշերի, խորհրդավոր անկյունների, առանց ներքնագավիթների և դամբարանային սրահների, մեր քանդակները թող լինեն առանց մանվածապատ գծերի, առանց իրար մեջ անցած խրթին կորությունների, թող լինի այնքան պարզ և այնքան շողշողուն, ինչպես արարատյան խաղողը»։

Գիշերն իջնում է խաղաղությամբ, կարծես, մեռելները վեր են բարձրանում և հսկում գիշերը, ոչ մի շարժում, ոչ մի ոտնաձայն, լռել է բնության ձայնը։ Եվ հեռավոր դաշտերում հասունանում է ժողովրդական հացը, լուսնի շողերի տակ ծփում է ցորենը։

Լուսնի շողերից ձգվել են մատուռների երկար ստվերները սև քղամիդների նման։ Այդ ստվերների միջից հանկարծ դուրս է գալիս մի վանական, լուսնի շողերի տակ նա նման է թաթերը վեր բարձրացրած սև արջի, որ անճոռնի քայլերով առաջանում է։

Ահավոր մի դամբարան է այդ վայրը։