Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դոշակով, սպիտակ սավանով, մեծ բարձով և բրդե վերմակով։

Երբ բարձրահասակ կինը սեղանը հավաքեց և հեռացավ, պրոֆեսորը և ճարտարապետը հանվեցին քնելու։

Ճարտարապետը, առանց բրդե գուլպան հանելու, պառկեց և բրդե վերմակը քաշեց վրան։

— Տոթ է, ճարտարապետ, ինչպե՞ս կարողանում եք այդպես քնել։

— Տարիներից ի վեր վարժվել եմ,— պատասխանեց ճարտարապետը խուլ ձայնով, որովհետև գլուխը գրեթե կորած էր վերմակի տակ։

Պրոֆեսորը խնամքով ծալեց վերմակը, դրեց մի կողմ և սավանը քաշելով վրան՝ քնեց։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Լուսաստղն էր կախվել ջինջ երկնքում, երբ պրոֆեսորը շոգից և քաղաք գնալու մտահոգությունից՝ զարթնեց և այլևս չկարողացավ քնել։

Լուսաստղի մարգարտյա փայլը, երկինքը, օդի թարմությունը և լուսամուտների վրա կախված ծառի տերևների շշնջոցը գրավական էին հորդառատ, վարար արևի, որ քաղցրացնելու էր արարատյան խաղողը։

Երբ ճարտարապետը զարթնեց, պրոֆեսորը հագնված էր և կարդում էր ճարտարապետի գրքույկներից մեկը։ Պրոֆեսորը վեր կացավ գնալու, ճարտարապետը բռնեց նրան․

— Մինչև նախաճաշ չանեք, չեմ թողնի։

Պրոֆեսորը թախանձագին խնդրեց թույլ տալ, որովհետև ցանկանում էր բռնել առաջին ավտոբուսը։


Ժ

Աճապարեց նա վանքի բակից դուրս, ինչպես ծանր և ցավագար մղձավանջից խուսափող մարդը, դեպի ավտոբուսների կայանը։ Նա շտապում էր դեպի տուն, դեպի իր աշխատանոցի առանձնությունը, մարդկանց աչքերից հեռու։ Սպասելով ավտոբուսին՝ նրա քթին կպավ մեռոնեփեքի հյուրերի