Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չ,— երկարացրեց ճարտարապետը քմծիծաղով,— մահը և ծնունդը հավիտենական օրենքներ են, պիտի մեռնեն և պիտի ծնվեն։

Երբ լռություն տիրեց, ճարտարապետը շարունակեց.

— Իմ ուսումնասիրություններն ունեն մի այլ նպատակ ևս՝ ճշտել մեր կուլտուրայի վերելքի և անկման շրջանները, մեր պատմագիրները, ավելի շուտ տոհմագիրները սխալ պատկերացում են տալիս այդ մասին, մեր նյութական կուլտուրան այլ բան է ասում մեզ, քարը չի ստում, ինչպես իշխաններից, նախարարներից և մեծ եկեղեցականներից տոհմագրությունն արձանագրելու պատվեր ստացող պատմագիրները։

— Նյութական կուլտուրայի վերելքն ավելի վաղ չէ կատարված, քան գրական կուլտուրայինը,— հակաճառեց պրոֆեսորը։

— Ներեցեք, պրոֆեսոր, մենք ճարտարապետություն ունեինք, նախքան գրերի գյուտը։

— Այդպես չէ Արևմտյան Եվրոպայում։

— Նայած երկրի պայմաններին։

— Ի՞նչ պայմաններ։

— Առաջին հերթին տնտեսական պայմանները։

— Դուք մարքսի՞ստ եք, ճարտարապետ,— հանկարծ հարց տվեց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը։

— Ոչ, չեմ ուսումնասիրել դժբախտաբար, հայոց հին կուլտուրան ինձ ամբողջովին կլանել է։

— Բայց դուք... կարծես․․․

— Ասում են, որ ամեն մի բարեխիղճ գիտնական հասնում է մարքսիզմին,— ընդմիջեց ճարտարապետը։

— Ах, так!— երկարաձգեց Մելիք-Անդրեասյանը։

Բարձրահասակ կինը սեղան բերեց սպիտակ լավաշ, պանիր, կարագ և սամովարը։

— Ի՞նչ նեղություն, տիկին,— ասաց պրոֆեսորը։

— Տանը կով ունենք, պրոֆեսոր,— պատասխանեց ճարտարապետը։

Մինչ նրանք ընթրում էին և խոսում, բարձրահասակ կինը պրոֆեսորի համար անկողին սարքեց` հաստ բրդե