որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չգիտեր Մարանի այդ դժվարին խաղը։
Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։
Մի օր Մարանի առաջի ոտի վերևի մասում երևաց մի ուռուցք, փոքր և գրեթե աննշան, բայց բշտեց, դարձավ վերք, այդ վերքը մեծացավ, թարախակալեց։ Քաղաքում մի անասնաբույժ կար, որը չկարողացավ օգնել, Հակոբը կանչեց և մարդկային բժիշկներին, որոնք ոչինչ չկարողացան անել, ամեն մեկը մի բան ասաց։ Վերքը մեծանում էր, թարախակալումն ավելի համառում։
Սկզբնական շրջանում Մարանի վրա ոչ մի ազդեցություն չարավ, բայց կամաց-կամաց նա կորցրեց իր աշխուժությունը, աչքերը կորցրին արշալույսային վճիտությունը, նրա ոսկեհնչյուն խրխինջում լսվեցին ինչ-որ մթին ակկորդներ։
Հակոբը Մարանի հետ սկսեց կերպարանափոխվել։ Մինչև անգամ հայրս և մայրս դարձան մելամաղձոտ. Հակոբը կորցնում էր իր գարնան ուրախությունը, մռայլ էր իջնում նրա պայծառ ճակատի վրա։
Հայրս լսեց, որ Սեբաստիայում մի նշանավոր անասնաբույժ կա, հեռագրեց այդ անասնաբույժին, որ գա և տեսնի ձիուն։ Պատասխան ստացվեց, որ անասնաբույժը համաձայնել է և երկու օրից մեկնելու է Սեբաստիայից։
Հակոբն այդ հեռագիրը կարդալիս՝ ցավագին ժպտում էր և արցունքներ թափում։
Մայրս փաթաթվեց իր հերկուլեսյան որդու վզին, սրբեց նրա արցունքները և շշնջաց.
— Դոքտուրը կուգա, կաղեկցնե, չաղեկցնե ըլ, հայրդ Դիարբեքիրեն դհա աղվորը բերել կուտա, մի՛ լար, յարուս։
— Մարանս, Մարանս,— մրմնջում էր Հակոբը և համբուրում