Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորս, լաց լինում, կոպերից կախում աստղանման արցունքի կաթիլներ։

Շատերն ասացին, որ աչքով են տվել։ Մայրս բաց արավ սնդուկը, դուրս բերեց մի խոշոր փիրուզ և կախեց Մարանի վզից։

Անասնաբույժն ուշանում էր, պիտի գար կառքով, ութն օրվա ճանապարհ էր լավագույն դեպքում։

Եվ Մարանը մի առավոտ մեռավ։

Բոլորս էլ հավաքվել էինք Հակոբի շուրջը, որ արցունքի կաթիլներով շաղախված խոսքերով պատմում էր Մարանի կյանքը, պատմում էր մինչև անգամ, թե մի օր ինչ խոսակցություն են ունեցել իրար հետ և Մարանն ինչ է ասել։

Եթե պատահած եղելության անծանոթ մի մարդ ներս մտներ և լսեր Հակոբին, երբեք չէր կարող գուշակել, որ խոսքը և ողբը վերաբերում էին մի անասունի։

Հակոբի անկողինը մայրս կարգադրեց, որ փոխադրեն իր ննջարանը։ Հայրս և մայրս, մոռացած ամբողջ տունը, իրենց ամբողջ գուրգուրանքը թափում էին Հակոբի վրա, որպեսզի մոռանա, գեթ մեղմանա նրա վիշտը՝ կորցրած ընկերոջ համար։

Հայրս և մայրս չափազանց սիրում էին Հակոբին, ոչ միայն նրա համար, որ իրենց անդրանիկ որդին էր, այլ նրա համար, որ հասակով նրանք Հակոբից շատ տարբերություն չունեին։ Մայրս 13 տարով մեծ էր Հակոբից, իսկ հայրս՝ 17 տարով։ Մայրս դեռևս եղել էր մանուկ, երբ առաջին անգամ զգացել էր նրա շարժվիլն իր հոգում։ Մանավանդ մայրս և Հակոբն իրար հետ կատարյալ մտերիմներ էին։ Մայրս չէր հիշում, թե արդյոք եղե՞լ է մի ժամանակ, երբ Հակոբը գոյություն չի ունեցել։

Անցավ մի ամիս, բայց Հակոբի վիշտն ավելի էր խորանում։

Եվ հայրս որոշեց նրան առաջարկել երկու բան՝ ճամփորդություն կամ ամուսնություն։ Հայրս խորապես համոզված էր, որ սրանցից մեկն ու մեկը կփրկի նրան, կմեղմացնի նրա վիշտը, և մի օր էլ կմոռանա։ Այս նպատակով, հայրս