Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո, լավ էր, լիմոն, պահարան, բանալիներ, կլիզմա...

Ելենա Բեգլարովնան ապշեց և եկավ այն եզրակացության, որ Էջմիածնում պրոֆեսորի ստամոքսը, որ երբեմն խանգարվում էր, նորից է խանգարվել, և հարկ է եղել լիմոնով թեյ խմել և կլիզմա անել։

— Ի՞նչ կերար, որ ստամոքսդ փչացավ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան միամտորեն, բայց մտահոգ։

— Շատ բան կերա, ամեն ինչ խառնեցի իրար, զանազան բաներ։

— Ախր դու շատ զգույշ էիր, ի՞նչ պատահեց քեզ այս անգամ։

— Է՞հ, երբեմն լինում է, որ մարդ անարխիստ է դառնում, երբեմն մինչև անգամ հարկավոր է այդ։

— Վեհափառին տեսա՞ր։

— Տեսա։

— Ի՞նչ էր անում։

— Կլիզմա․․․

Ելենա Բեգլարովնան սրտնեղեց․

— Լուրջ բան եմ հարցնում։

— Լուրջ եմ պատասխանում, Լենոչկա։

Ելենա Բեգլարովնան դուրս գնաց՝ հաստատ համոզված լինելով, որ պրոֆեսորը ջղայնացել էր ստամոքսի փչանալուց, ավելի լավ էր մյուս օրը հարցեր տար. միևնույն է, նա պիտի շարունակեր այդ հեգնական պատասխանները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ազատվելով կնոջ հարցապնդումից, քաշվեց իր աշխատանոցը և, առաջը դնելով պատմության մեծահատոր մի գիրք, սկսեց կարդալ և վերլուծության ենթարկել Մետերնիխի քաղաքական գործունեությունը։

Այդ գիշեր նա երկար կռացավ գրքերի վրա։ Ելենա Բեգլարովնան չիմացավ, թե պրոֆեսորը երբ եկավ ննջարան և քնեց, բայց երբ առավոտյան զարթնեց, նա տեսավ մի երկտող՝ սեղանի վրա դրված բաժակի բերանին, որպեսզի անպայման աչքի զարնի։ Ելենա Բեգլարովնան կարդաց երկտողը․