Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Առավոտյան դասախոսություն չունեմ, մի զարթնեցնի, ուշ եմ քնել»։

Ելենա Բեգլարովնան դուրս եկավ տնից և գնաց շուկա։


ԺԱ

— Իսկապես չգիտեմ, թե ինչպես փոխվեց մեր կենցաղը, առաջ միշտ հանդիպում էինք իրար, խոսում, զրուցում, իսկ հիմա՞. ժողովներ, նոր խնդիրներ, հների վերագնահատում և այլն․․․ — ասաց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն ափսոսանքի շեշտով, հանդիպելով հին ընկերներից մեկին, որ դասախոսում էր միևնույն բարձրագույն ուսումնական հիմնարկում՝ իբրև հայ հնագույն գրականության պրոֆեսոր։

Երկու պրոֆեսորները, անցյալում լինելով մոտիկ մարդիկ, երկար ժամանակ էր, ինչ չէին տեսակցել, ոչ մի երեկո չէին հանդիպել իրար ընտանեկան հարկի տակ, թեև շատ անգամ էին պատահել իրար փողոցում, բայց միշտ երկուսն էլ աճապարանքի մեջ։ Յուրաքանչյուրը գիտեր մյուսի մասին, թե ինչ փոփոխությունների էր ենթարկվել, ինչպես էր ընդունել նոր կարգերը։

— Բայց այդ բոլորը դուք լավ եք տանում, ոչի՞նչ,— հեգնաբար նետեց պրոֆ․ Տեր-Մինասյանը։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը անմիջապես զգաց հեգնանքի սուր խայթոցը, բայց կարողացավ պահել իր սառնասրտությունը։

— Իզուր եք կարծում, պրոֆեսոր,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը ցավագին շեշտով։

— Ներեցեք,— էլի հեգնեց Տեր-Մինասյանը։

— Ծառի վրա իջած կացնի հարվածից ծառը ճիչ չի արձակում, լուռ արտասվում է, պրոֆեսոր,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

Պրոֆ․ Տեր-Մինասյանը նոր զգաց, որ Մելիք-Անդրեասյանի հոգում պտտվում է ինչ-որ մորմոք, ուստի անմիջապես փոխեց իր հեգնական տոնը․

— Ծառի անալոգիան սխալ է, պրոֆեսոր, մենք մարդիկ ենք։