առանց որևէ խոսք փոխանակելու նրա հետ, սկսեց խուզարկել նրա գրպանները՝ մինչև մյուս պաշտոնյաները բաց արին պայուսակները և սկսեցին քրքրել բովանդակությունը։ Երբ հերթը հասավ իր ծոցի գրպանները նայելուն, պրոֆեսորն ասաց.
— Թույլ տվեք ես ինքս դուրս հանեմ ինչ որ կա։
— Այո, մենք գիտենք, թե դուք ինչպես կհանեք,— պատասխանեց պաշտոնյան և ձեռքերը կոխեց պրոֆեսորի ծոցի գրպանները։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանր մտքում ասում էր.
«Ահա պայուսակից դուրս կբերեն մի քանի գրքեր ֆրանսական պատմության վերաբերյալ և վերաբերմունքները կփոխեն»։
Եվ շատ չուշացած՝ պայուսակները խուզարկողները դուրս բերին այդ գրքերը ու զննելով մեջը, միգուցե այդ շապիկներով ուրիշ գրքեր լինեն, և համոզվելով, որ միևնույն գրքերն են, նետեցին մի կողմ, առանց որևէ ուշադրություն դարձնելու և վերաբերմունքները փոխելու։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի լեզվի ծայրը մի քանի անգամ եկավ դեմոկրատիա բառը, բայց չարտասանեց։
— Անգիտակից պաշտոնյաներ են, որոնք չկարողացան թափանցել իմ հոգու խորքը, և դժվար է, իհարկե, միանգամից,— ասաց նա իր մտքում և սպասեց վախճանին։
Երկար և համբերությամբ սպասել նա չկարողացավ, որովհետև պայուսակները խուզարկողները տակնուվրա արին նրա սպիտակեղենները, մինչև անգամ մի քանիսը անհոգորեն նետեցին գետին և տրորեցին կեղտոտ ոտներով։
— Բավակա՛ն է, սպասեցեք,— մի քիչ բարձր տոնով ասաց Մելիք-Անդրեասյանր,— մի քիչ քաղաքավարի, չէ՞ որ ես մտել եմ Եվրոպայի ամենադեմոկրատիկ երկրի սահմանները։
Պաշտոնյաները, լսելով դեմոկրատիկ բառը, սկսեցին բարձր հռհռալ։
Տաք արյունը նորից խուժեց պրոֆեսորի ականջները։ Խուզարկողները շարունակեցին պայուսակները քրքրել անտարբերությամբ և սառնությամբ։ Չգտնելով որևէ բան՝