հեգնությամբ նայեց նրան։ Մելիք-Անդրեասյանը հասկացավ այդ հեգնանքը, վիրավորվեց նրա ինքնասիրությունը։
— Ես չէի ուզենա,— ասաց Միրզա-Նուբարյանը գոռոզությամբ,— որ դուք մեզ, ինձ և Աննա Ջումշուդովնային, տեսնեիք այս վիճակում։
— Ոչինչ, Ալեքսանդր Իվանիչ, տեսնում եմ ձեզ նորից առողջ և հանգիստ, ճիշտ է, մի քիչ... ը՜մ... ո՛չ նախկին շքեղության մեջ, բայց կարևորը կյանքում՝ առողջությունն է իմ կարծիքով։
Միրզա-Նուբարյանը նորից նրան նայեց հեգնությամբ, և Մելիք-Անդրեասյանը տեսավ, որ այր և կին նայվածքներ փոխանակեցին իրար հետ։
Այդ հեգնությունը բխում էր այն վերաբերմունքից, որ ցույց տվեց Մելիք-Անդրեասյանն առաջին իսկ րոպեից։ Թե՛ Միրզա-Նուբարյանը և թե՛ Աննա Ջումշուդովնան սովոր էին, որ Մելիք-Անդրեասյանն իրենց մոտ գար երկյուղածությամբ և չափազանց խորին հարգանքով մոտենար իրենց, մեջքը կռացրած, նախ Աննա Ջումշուդովնային, համբուրեր նրա ձեռքը, ապա ավելի կռացած մոտենար Միրզա-Նուբարյանին և պատկառանքի ու երախտագիտության խոր զգացումներով սեղմեր նրա ձեռքը։ Բայց Մելիք-Անդրեասյանը տվյալ դեպքում մոտեցավ նրանց գեթ իբրև հավասարների։ Ճիշտն ասած՝ նա այդ մասին երբեք էլ չէր մտածել, ճիշտ է՝ ճանապարհին նա մտածեց, թե ինչ պետք է ասի, ի՞նչ պետք է պատմի, ո՞ւմ բարևները պիտի հաղորդի, բայց թե ի՞նչ ձևերով պիտի ներկայանար նրանց՝ այդ մասին նա երբեք չմտածեց։
— Հիշում եմ առաջին անգամ, որ դու ինձ մոտ եկար,— ասաց Միրզա-Նուբարյանը, փոխելով «դուքը» «դուի»։
Մելիք-Անդրեասյանը ցնցվեց, նրա ամբողջ մարմինը պատեց սառը քրտինք, որովհետև ինքը ևս հիշեց այդ առաջին անգամը․ երիտասարդ էր, ուսման ծարավով տոչորված, հափշտակված մայրաքաղաք գնալու և բարձրագույն ուսում ստանալու հեռանկարով, հիշեց, թե ինչպե՞ս մտավ մեծահարուստ նավթահորատեր Միրզա-Նուբարովի տան դահլիճը․․․