Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը մթնեցին, այլևս ոչինչ չհիշեց, հին աշխարհում թողված այդ ամոթը, ստրկամտության այդ հզոր փաստը նրա աչքերի առաջ քաշեցին մի մթին քող, և այլևս չտեսավ Միրզա-Նուբարյանին, որ նստած էր դեմը, և Աննա Ջումշուդովնային, որ կուչ էր եկել նրա կողքին ու հեգնությամբ նայում էր իրեն։ Հին աշխարհը... այն աշխարհը, որի բոլոր տրադիցիաները, այսպես կարծված բոլոր սրբությունները կոխոտեցին իր ետև թողած երկրի բանվորները, ազատագրելով բոլոր տեսակի ստրուկներին, այն աշխարհը, որի տերն էր ահա այս Միրզա-Նուբարյանը․․․

Հիշելով նոր աշխարհը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը նորից պայծառացան, փարատվեց նրա հոգու մռայլը, պատռվեց խավարը, և լույսի ոսկյա շիթեր կախվեցին այդ պատռվածքներից։ Լույսի ոսկյա այդ շիթերը կախվել էին իր ետև թողած երկրի երկնակամարից։

— Հը՞, ինչպե՞ս են քո վայրենիները.— հանկարծ հարցրեց Միրզա-Նուբարյանր։

— Վայրենինե՞ր, որո՞նց մասին է խոսքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, անկեղծորեն գլխի չընկնելով, թե իսկապես որոնց էր ակնարկում Միրզա-Նուբարյանր։

— Վայրենիներ, նու, աշխարհում վայրենի գազանները ովքե՞ր են։

— Ձեզ չեմ հասկանում, Ալեքսանդր Իվանիչ։

— Աննա՛, դու ասա։

— Բոլշևիկները,— ծիծաղելով արտասանեց Աննա Ջումշուդովնան։

— Դուք բոլորովին սխալ կարծիք ունեք բոլշևիկների մասին, Ալեքսանդր Իվանիչ,— զսպված զայրույթով պատասխանեց Մելիք-Անդրեասյանը,— ես կարծում եմ․․․

— Ոչ մի կարծել,— ընդմիջեց Ալեքսանդր Իվանիչը գոռոզ, ամբարտավան և գազազած տոնով։— Միևնույն է, ես չեմ համոզվելու, ինչ որ ասեք, երևի դու էլ այն տիպերից ես, որ թեքվում ես քեզ կերակրողների կողմը, իմ մասին էլ տարբեր կարծիք ունեիր, երբ ե՛ս էի կերակրում քեզ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վիրավորվեց մինչև հոգու