լկտի աղջիկները չկարողացան հարգել ռուբլին։ Ռուբլին, Միքայել, աշխարհի հիմքն է․․․
— Հին աշխարհի, Ալեքսանդր Իվանիչ։
— Հին-մին չեմ իմանում, ես գիտեմ մի աշխարհ, այդ աշխարհի հիմքը ռուբլին է, ռուբլին ինքը աստված է կամ աստծու պատկերը, իսկ սրա՞նք... սրա՞նք...
— Բավական է, նորից սկսեցիր,— ճչաց Աննա Ջումշուդովնան,— ռուբլի, ռուբլի, հասկացանք վերջապես։
— Չհասկացար, էլի չհասկացար։ Վերջապես, Միքայել, ինձ թողեցին աստծո պատկերին կարոտ։
— Մի անգամ հնարավոր լիներ, պարոն Մելիք-Անդրեասյան, խուզարկեիք նրա գրպանը և տեսնեիք թե ինչեր կան,— ասաց Աննա Ջումշուդովնան։
Մելիք-Անդրեասյանը կարծեց, թե Միրզա-Նուբարյանի գրպանում կլինեին ռուբլիներ։
— Այո, կան, խուզարկելու կարիք չկա,— բղավեց նախկին նավթահորատերը և գրպանից դուրս բերելով բանալիների մի փունջ, սկսեց շնգշնգացնել օդում։
— Կողպում է մինչև անգամ հացը,— ասաց Աննա Ջումշուդովնան և սկսեց հեկեկալ։
— Բավական է, բավական, կեղծավոր լաց մի տա...— սրտնեղեց Միրզա-Նուբարյանը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը քարացած մնաց նստած տեղում։
— Ոչ միայն բոլշևիկները կողոպտեցին ինձ, կողոպտեցին ինձ նաև իմ զավակները և կինս, իսկական կողոպուտը սա է։ Նու, հիմա գրեթե առանց ռուբլու նստած եմ, ի՞նչ արժեք ունեմ, մարդ ինչքան ռուբլի ունենա, այնքան արժեք ունի։
— Այդ ճիշտ չէ,— ասաց Մելիք-Անդրեասյանը,— օրինակ՝ մենք, խորհրդային քաղաքացիներս, ռուբլի չենք դիզում, բայց յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, անձնական ընդունակությունների և այլն։
Միրզա-Նուբարյանը ամենացինիկ կերպով սկսեց հռհռալ․