— Խորհրդային քաղաքացի․․․ ես խոսում եմ կարգին մարդկանց մասին։
— Կարծես, նրանք մարդ չեն, չէ՞,— հանկարծ, գլուխը վեր բարձրացնելով, բղավեց Աննա Ջումշուդովնան։
Ամուսնուն հակառակ խոսելու համար՝ Աննա Ջումշուդովնան այս անգամ հանդես եկավ խորհրդային քաղաքացիների պաշտպան։
— Դու ձայնդ կտրի, անամո՛թ,— զայրացոծ բղավեց Ալեքսանդր Իվանիչը։
Սկսեց ածականների մի մրցում ամուսինների միջև։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն այդ փողոցային տեսարանի առջև մտածում էր, թե ինչպես նախկինում այդ պատկառելի մարդը և նախկինում այդ ավելի պատկառելի կինը, որոնց հիշատակը պահել էր նա երկար տարիներ՝ երախտագիտական սրբագույն զգացումներով, առանց ռուբլու՝ չնչին մարդիկ էին, ահա նրանք վերադարձել էին իրենց բնական սոցիալական կատեգորիային, ինչ որ երևացել էր բարոյական, վեհ, պատկառելի, եղել էր ռուբլու փայլը, ռուբլու զիլ հնչյունը և ուրիշ ոչինչ։
— Ալեքսանդր Իվանիչ, ռուբլին աստված է, ես հավատում եմ ձեր ասածին։
Տիրեց խոր լռություն։ Միրզա-Նուբարյանը և Աննա Ջումշուդովնան զգացին, որ Միքայելը, իրենց նախկին սանը, պարզապես հեգնում է իրենց։
— Միքայել, դու․․․
— Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը ոտի կանգնելով,— ես մի մեծ սխալ գործեցի․․․
Նա կանգ առավ։ Նախկին նավթահորատերն ուշադրությամբ դիտեց նրան և սպասեց նրա խոսքի վերջին։
— Ես մեծ սխալ արի, որ եկա ձեզ տեսնելու․․․
Աննա Ջումշուդովնան նորից սկսեց դառնագին հեկեկալ։
— Ինչո՞ւ,— հազիվ կարողացավ հարցնել նախկին նավթահորատերը գրեթե շշնջալով։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը չպատասխանեց և դուրս եկավ տնից։