Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշեց, որ պրոֆեսորն առաջինն էր, որ իրեն քաջալերել էր այդ ուղղությամբ, բայց ինքը կարևորություն չէր ընծայել։

Երբ Վահրամ Անանյանը սովորական, ամենօրյա իր այցելությունն անելու համար ներս մտավ, Ելենա Բեգլարովնան փոքրիկ բաց կապույտ մի թաշկինակով աչքերն էր սրբում։

Անանյանը զարմացավ։

— Ի՞նչ է պատահել, տիկին,— հարցրեց նա։

— Ոչինչ։

Նրա ձայնի մեջ անսահման թախիծ կար, դեմքը գունատ էր, և մազերը՝ մի քիչ անխնամ։

— Ելենա Բեգլարովնա, պրոֆեսորը, գնալուց առաջ, ձեր ներկայությամբ ասաց, որ որևէ մի նեղության ժամանակ, ինձ դիմեք, այժմ ես պատրաստ եմ ձեզ մխիթարելու, աջակցելու։

— Վագրամ Տիգրանիչ,— մեղմագին ձայնով ասաց Ելենա Բեգլարովնան,— եկ, այստեղ նստիր։

Անանյանը տեղ գրավեց թախտի վրա, Ելենա Բեգլարովնայի կողքին, մոտավորապես ծունկը հպեցնելով նրա ծնկներին։ Կնոջ կուրծքը ելևէջում էր։

— Ի՞նչ է պատահել, ասացեք, Ելենա Բեգլարովնա։

— Պրոֆեսորից նամակ ստացա։

— Հիվա՞նդ է,— անհանգստությամբ հարցրեց Անանյանը և բռնեց Ելենա Բեգլարովնայի ձեռքը։

Կնոջ շնչառությունն ավելի դժվարացավ, բայց նրա աչքերում պլպլաց ժպտի մի լույս։

— Կարդացեք,— ասաց Ելենա Բեգլարովնան և տվեց ստացած նամակը Վահրամ Անանյանին։

— Այստեղ ոչինչ չկա, որ արցունքներ կորզի ձեր աչքերից, տիկին,— ասաց Անանյանը նամակը կարդալուց հետո։

— Դուք երբևիցե սիրե՞լ եք,— հանկարծ հարցրեց Ելենա Բեգլարովնան՝ ազատորեն ձեռքերը դնելով Վահրամի ձեռքի վրա։

— ?

— Կամ գիտե՞ք ինչ է սիրելը։