Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աննա Ջումշուդովնան երկար շարունակեց հեկեկանքը, իսկ Միրզա-Նուբարյանը նորից վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ անտարբեր և անզգա:


ԺԹ

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորից ստացավ առաջին նամակը, որին ջերմագին կարոտով սպասում էր նա:

Նամակը գրված էր Փարիզից, այնտեղ հասնելուց մի քանի օր հետո, և բացի անհրաժեշտ անձնական տեղեկույթներից՝ ֆիզիկական առողջության, տեղավորվելու, եղանակի և այլնի մասին, ուրիշ ոչինչ չկար այդ նամակում, գուրգուրանքի, կարոտի ոչ մի խոսք այդ նամակը գրված էր մի կնոջ, որ երբեք մտերիմ կապեր չէր ունեցել նամակագրի հետ:

Ելենա Բեգլարովնան կրկին և կրկին կարդաց նամակը՝ ճգնելով գտնել թաքնված մի ջերմագին շեշտ, բայց չկարողանալով՝ իրեն նետեց թախտի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ:

Երբ դեռևս ոչ մի նամակ չէր ստացել, նա ապրում էր սպասումի անձկությամբ, և այդ սպասումի անձկությունը նրան օրորում էր երազային լուռ և խոր մի մելոդիայով, այժմ այդ անձկությունն էլ չկար, չկար ոչինչ, որին սպասեր. պրոֆեսորը եսասերորեն մենակ մեկնեց Եվրոպա, կարող էր մերժել գործուղումը, երբ չհաջողվեց իրեն ևս տանել հետը: «Եթե ուզենար՝ կհաջողացներ,— մտածեց Ելենա Բեգլարովնան,— հոգու խորքում նա չէր ցանկանում իմ ընկերակցությունը, ուզում էր լինել ազատ»:

Որքան մտածեց, այնքան լցվեց թախծով և արցունքով:

«Այլևս ի՞նչ կա, որին ես ձգտեմ»,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և սարսափեց հոգու դատարկությունից: Այժմ նա խորապես գիտակցեց կյանքի իր սխալները: Խոշորագույն սխալն այն էր, որ նա մի բան չսովորեց, շուկա գնալը, տնային կարգ ու սարքով զբաղվելը չէր լցնի մարդու ներքին դատարկությունը: Ելենա Բեգլարովնան, արդարությամբ մտածելով,