Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտ էր դուրս գնալ տան կարիքները հոգալու համար, բայց չուզեց բաժանվել տան մթնոլորտից, իր ննջասենյակից, որտեղ տարածվել էր բուրումնավետ մի ալիք։ Իրերից արտացոլված բուրումը խորապես հարբեցնող էր, իրերի ներքին աշխարհն էլ պար էր գալիս Ելենա Բեգլարովնայի ուրախության հետ, հրճվում էին բոլորը, բոլորը։


ԻԱ

Մի երեկո պրոֆ. Մելիք-Անդրեասյանը Մետրոյի Կառ դը Լ'Էստ կայարանից դուրս դալուն՝ գնեց մի «Պարի-Սուար». առավոտյան գնած «Պտի Պարիզիեն»-ը ևս չէր կարդացել։ Մտածեց նա գնալ պանդոկ և կարդալ թերթերը։ Ականջին խփեց մի ուրիշ թերթի անուն՝ «Լ'Յումանիտե», կանգնեց, ուզեց մի համար էլ նրանից վերցնել, բայց անցավ, ձեռքը թափ տալով և մտքում ասելով. «Կոմունիստական մամուլը զահլաս տարել է, բավական է»։

Պանդոկում նա չկարողացավ դիմադրել լուսամուտից նորից դիտելու քաղաքը։ Անվերջ է Փարիզի թովչանքը, կախարդական քաղաք, որտեղ ամեն մի իր ունի իր առանձնահատուկ հրապույրը։ Եթե մի որևէ առարկա ուրիշ քաղաքներում աննշան և անիմաստ է, Փարիզում կարող է ստանալ առանձին գրավչություն և խորագույն իմաստ, կան անտեսանելի ձեռքեր, որոնք գեղեցկացնում են ամեն ինչ։

Երեկոյան Փարիզն ավելի գեղեցիկ էր։ Ամբողջ քաղաքը ողողված էր վերջալույսի վարդագույն լույսով, անսահման դաշտն օրորվում էր, քաղաքում տիրում էր մի լուռ խնդություն, որ գալիս էր ամեն մի վերջալույսին՝ իբրև մի հանգիստ պահ աղմկալից, լուսավոր և ցնծուն գիշերից առաջ։ Գիշերը Փարիզը ոչ թե քնում է, այլ նոր է զարթնում, նա սիրում է ուրախանալ երկնքի և երկրի աստղերի տակ։ Փարիզը գիշերը պարում է, իրիկնային փոքրիկ հնչյունները մեծանում են գիշերը և դառնում բարձրաձայն նվագ, պատռվում է քաղաքի սիրտը, և հոսում է վարդագույն ու արևագույն գինին։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը քաշվեց լուսամուտից, երկարեց