Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազկաթոռի վրա և բաց արավ լրագրերից մեկը։ Մի քիչ կարդալուց հետո՝ մեքենայորեն նա փնտրեց արտասահմանյան բաժինը և ահա URSS։ Այդ բաժինը, բնականորեն, նրա համար նորություններ չէր պարունակելու, բայց, զարմանալի էր, նորություններ, շատ կային, կարծես ինքը չէր եղել այդ երկրի քաղաքացին, հասարակական հազար ու մի թելերով կապված չէր եղել այդ երկրի ամեն մի երևույթի հետ, ֆրանսիական թերթի տեղեկությունները, կարծես, այն երկրի մասին չէին, որտեղից ինքը դեռ նոր էր եկել։

Պրոֆեսորը կարդաց.

— Վերսկսվել են հրեական կոտորածները...

— Հեռավոր Սիբիրում պայթել է մեծ ապստամբություն...

— Փոքրիկ հանրապետությունների կոնֆերանսը որոշել է անջատվել Խորհրդային Միությունից, բայց ռուսական Կարմիր բանակի երևալը Անդրկովկասում և Միջին Ասիայում քայքայել է հանրապետությունների ցանկությունը...

— Գնդակահարումը շարունակվում է ժողովրդական այն տարրերի դեմ, որոնք ոչ թե մասնակցում են դժգոհության ալիքին, այլ պարզապես չեզոք են մնում...

— Խորհրդային Միությունը տենդագին պատրաստություն է տեսնում արտաքին պատերազմի համար...

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դեն շպրտեց թերթերը և սկսեց մտածել. «Մի՞թե ինքը, լինելով այդ երկրի մասնիկը, լինելով մտավորական, կուլտուրական ֆրոնտի բարձր տիպի աշխատավոր, բոլորովին տեղյակ չի եղել երկրում տեղի ունեցած պրոցեսներին, մի՞թե ինքը քնած է եղել ուղտի ականջում, մի՞թե նա չի կարողացել տեսնել քթից գոնե մի քիչ հեռու»։

Մի պահ, կարծես, համոզվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը իր սեփական հիմարությանը և մտքում ասաց. «Երբ մի մարդ այնքան տարված չինի պատմության չոր փաստերով, մգլած դոկումենտներով, ահա այս կլինի հետևանքը»։

Ուրեմն այն մի քանի հոգիները, որոնք երկրում իրեն ասում էին զանազան բաներ, որոնց չէր հավատում, ճշմարիտ էին։ Մի անգամ, հիշեց պրոֆեսորը, լուր տարածվեց Երևանում,