Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես միշտ ուզում եմ մենակ լինել, բայց մարդիկ ձանձրանում են մենակ լինելուց, ստիպված եմ փողոց դուրս գալ և փարատել նրանց տխրությունը,— ասաց նա։

— Բայց չէ՞ որ դուք․․․

— Օ՜հ, բավական է,— զայրացավ կինը և հեռացավ։

Փողոցային կինը չի սիրում, երբ մարդիկ գաղափար չունեն, թե ժամանակն անցնում է արագ, հանկարծ գիշերը կհասնի իր վախճանին, և նա կարող է դիմավորել լուսաբացը մի քանի անավարտ սակարկություններով։

Պրոֆեսորը նայեց նրա ետևից՝ մինչև կորսվեց նա մթնում, ապա առաջ քայլեց։

— Բարև, պարոն,— հնչեց ուրախ և անզուսպ մի կանացի ձայն։

— Ներեցեք, ես պրոբլեմով եմ զբաղված,— ասաց պրոֆեսորը։

— Ուրախ եմ, որ ժամանակս չխլեցիք,— նորից հնչեց այն ուրախ և անզուսպ կանացի ձայնը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մնաց մենակ։


Առավոտյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը զարթնեց անորոշ և տարտամ զգացումներով։

ԻԺ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ինքը Փարիզից մեկնեց շվեյցարական մի փոքրիկ քաղաք՝ տեսակցելու էմիգրանտ եղբոր հետ, որովհետև եղբայրը գրել էր, որ ոչ մի հնարավորություն չունի Փարիզ գալու։

Նա ճանապարհին մտածեց, թե ի՞նչ հարցեր կարող էր տալ իրեն եղբայրը և ինքն ինչպե՞ս պիտի պատասխաներ։ Այդ պատասխանները գոհացուցիչ էին թվում սկզբում, բայց հետզհետե սկսեցին հոգեկան տանջանք պատճառել, նորից մի դիվային ինչ-որ բան բարձրացավ իր հոգում — դա երկվությունն