Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, երկվությունը դեղին և կանաչ աչքերով, որ ոչ թե դրսից սողոսկեց իր ներքին աշխարհը, այլ հարություն առավ, ընդհակառակն, իր ներքին աշխարհից։

Պրոֆեսորը եղբորը նախապես չէր գրել, թե երբ է գալու, ուստի կայարանում ոչ ոք չդիմավորեց նրան։ Կայարանից մինչև եղբոր բնակարանը նա մտածում էր, թե ի՞նչ պատասխանի եղբոր առաջին հարցումին։ Այդ հարցումը բնականորեն, անխուսափելիորեն պիտի լիներ կնոջ և զավակի մասին։

Երբ երկու եղբայրները շվեյցարական փոքրիկ, լուսավոր ու մաքուր սենյակում իրար փաթաթվեցին, համբուրվեցին և նստեցին դեմ-դիմաց, եղբայրը հարցրեց պրոֆեսորին.

— Ինչպե՞ս ազատվեցիր այդ դժոխքից։

— Ի՞նչ դժոխք,— հարցրեց պրոֆեսորը, հաստատ համոզված լինելով այժմ, որ դժոխք էմիգրանտի լեզվով նշանակում է Խորհրդային երկիր։

— Ինչո՞ւ չես ասում, այստեղ լրտեսներ չկան,— հեգնեց եղբայրը։

— ․․․

— Վերջապես մենք ամեն բան գիտենք։

— Ի՞նչ գիտեք,— հանկարծ հարցրեց պրոֆեսորը զայրացած, բայց զուսպ։

— Մենք գիտենք, թե ինչ չարչարանքներ են տվել քեզ։

— Ի՞նչ չարչարանքներ։

— Բանտ և այլն։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ապշեց։ Բա՞նտ։ Ե՞րբ։ Հանկարծ նա սկսեց բարձրաձայն հռհռալ։

— Ինչո՞ւ ես հռհռում։

— Բանտ և այլն... իսկ ի՞նչ է այդ և այլնը։

— Հարցաքննություն գրեթե երեք օրը մի անգամ։

Մելիք-Անդրեասյանի հռհռոցը դարձավ գրոտեսկ։

Էմիգրանտն այդ հռհռոցից զգաց թունավոր խոցեր իր մարմնի վրա։ Որքան խոր, որքան այրող կարոտով սպասել էր իր եղբորը, ինչքան նա ուրախացել էր նրա ազատության առթիվ, լցվել էր մանկական խնդությամբ, բայց ահա նա հռհռում է, հռհռում է ինչպես դևը, հռհռում էր իր վրա, իր գաղափարների, իր մարտիրոսության վրա։