էր իմ ոսկեգույն մազերի հետ, կանչեց մորս ու սկսեցին խոսել Հակոբի մասին։
— Պիտի կարգենք էդ տղան,— ասաց հայրս։
Մորս աչքերը փայլեցին։
— Եթե համոզես։
— Կհամոզվի, բեղերն արդեն մեծցեր են, Պոլիս-մոլիս կերևա քիթ-բերանը աղջիկներու քսեր է, խելքը տեղ է էրեր։
Մորս դուր չեկավ, որ հայրս մատնանշեց այդ։
— Ի՞նչ գիտես,— հարցրեց։
— Ես գիտեմ, դուն ինձի հարցուր,— կարճ կտրեց հայրս։
Մայրս խոստացավ, որ ինքը այդ բանը հայտնի Հակոբին։
— Սանկ շնորհքով ձևով ըսե,— պատվիրեց հայրս։
Եվ որոշեցին, որ աղջիկը պետք է լիներ սիրուն։ Հայրս ինքն առաջարկեց.
— Ինչ ընտանիքի կուզե թող ըլլի՝ աղվոր ըլլի,— ասաց։
Մայրս ապշեց։ Հայրս ինչքան խորը պետք է Հակոբին սիրեր, որ զիջեր իր արիստոկրատիզմից։
Մայրս ավելացրեց.
— Աղվոր ըլլի ու կաթն ալ մաքուր ըլլի։
— Դահա աղեկ։
Հակոբը համաձայնել էր, երևի ճիշտ էր հորս կարծիքը, թե «քիթը-բերանն աղջիկներու քսած կըլլի»։ Սկսվեց աղջիկ որոնելու պրոցեսը։ Պարզվեց, որ հայրս չէր զիջի ամենափոքրիկ, ամենաաննշան պակասությանն անգամ։ Մայրս ի վերջո մատնանշեց մի աղջիկ, որ իսկապես սիրուն էր, բայց հայրս առարկեց.
— Գլուխն աղեկ չի բռներ, քիչ մը կկախե։
Մայրս հուսահատվեց, որ կարող պիտի լիներ գտնելու այն տիպարը, որ գոյություն ուներ հորս մտապատկերում, բայց իրականության մեջ գոյություն չուներ։
— Ես աղջիկ չեմ ուզեր, արձան կուզիմ,— հայտարարեց հայրս։
Անցավ մի ամիս ևս։ Մայրս այլևս այդ մասին չէր խոսում։