Հայրս այդ բոլոր վայրերում եղել էր։ Նա հարցեր էր տալիս.
— Սկյուտար գացի՞ր, ծո։
— Գացի։
— Բոյաճի-գյո՞ւղ։
— Բոյաճի-գյուղ ըլ գացի։
— Ստամբոլի կողմը փաշա[1] կերա՞ր։
— Կերա։
— Աֆերիմ, ծո, ամեն տեղ եղեր ես։
Երբ մայրս լսում էր, որ Հակոբը եղել է այն վայրերում, որտեղ եղել է նաև իր ամուսինը, հրճվանքից չէր իմանում, թե ինչ անի։
— Ղավզայի բաղնիքը լոգցա՞ր։
— Չէ, հայրիկ, ատեն չեղավ։
— Ծո՛, մարդ Ղավզա երթա ու բաղնիքը չլոգնա՞... եբոր նորեն երթաս, լոգցիր։
— Կլոգնամ, հա,— խոստանում էր Հակոբը։
Ամբողջ մի ամիս մեր տանը գլխավոր խոսակցությունն էր Հակոբի ճամփորդությունը, զբաղված էին նրան լսելով և հետը բերած նվերներն ուտելով, հագնելով, կախելով զանազան տեղեր։
Ինձ բերել էր կարմիր չուստ։ Առաջին անգամ երբ հագա և փողոց գնացի, ինձ թվում էր, որ ամբողջ քաղաքի բնակչությունը չուստս է դիտում։
Մի ամիս հետո՝ Հակոբը, բոլորից գաղտնի, բաց արավ Մարանի «ննջարանը», որն ինքը կողպել ու գնացել էր և դուրս եկավ տխուր։
Թե՛ Մարանի հիշատակը և թե՛ այն, որ քաղաքում շատ զբաղվելու բաներ չկային, բացի դրախտային պարտեզներից, Հակոբի ճակատին իջեցրին նորից մի թեթև մռայլ։
Սկզբի օրերին, այս մռայլն այնքան էլ նշմարելի չեղավ, բայց հետզհետե դարձավ զգալի և մտահոգիչ՝ ձնողների համար։
Մի օր, երբ ես նստած էի հորս կողքին, և նա խաղում
- ↑ Խաշ։