գրքի յուրաքանչյուր հանգույցը, անսահման դժնակ է իմանալ նրա խրթին, խրթին ինչպես լույսը, քանդակի իմաստը, որովհետև յուրաքանչյուր տառն այդ մատյանի իմաստ է ինքնիրմով և ընդհանուր կապակցության մեջ ու անսահմանորեն ստեղծիչ։ Այդ մատյանը հղացող գլուխն ինքը նման էր մայր երկրագնդին, առատ և սև մազերով, ինչպես մթին անտառները մայր երկրագնդի, ծանր էր այդ գլուխը, զայրույթով, ատելությամբ, լույսով և սիրով լեցուն. այդ մատյանում թափվեցին հանճարեղ մի կյանքի ողջ արյունը, ժպիտը և նրա մռայլ խոհերի լուսավոր կաթիլները։
Եվ կեսգիշերին փակվում են գիտնականի թարթիչները, ինչպես մշուշն է չոքում լեռնային կապույտ լճակի վրա։
Եվ ուղեղը դադարում է գործելուց։
Եվ երբ ուղեղը դադարում է գործելուց՝ սիրտն է զվարթանում, որովհետև երբ իմացականությունը հոգնում է, սրտում սրինգներ են բարձրանում և սկսում են երգել։ Այդ սրինգները երգում են հիշատակը։
Եվ երբ սիրտը զարթնում է, և սրինգները երգում են՝ բացվում են և սրտի հին ծալքերը։
Ե՛վ բյուրավոր, և՛ բուրավետ են այդ ծալքերը։
Բուրավետ է մինչև անգամ հին մի մորմոք, աղեխարշ և դառնակսկիծ, որ տակավին ծխում է ծալքերից մեկում։
Եվ յուրաքանչյուր ծալքից բարձրանում է մի զեփյուռ և սփռվում է հին, բայց թարմ բույրերով։
Մի ծալքից ահա բարձրացավ վաղեմի գարնանավերջի սղոխը և երգեց դալար դաշտում։
Ուղեղը վերանորոգվում է անվերջ, թափում է դուրս հինը՝ ինչպես անպետք առարկաները սենյակից, բայց սրտի ծալքերը պահում են, անվթարորեն և գորովանքով, բոլոր հին հնչյունները, բոլոր թույրերն ու բոլոր բույրերը։ Զարմանալի է սիրտը, նա քաղցրությամբ և երանությամբ հիշում է մինչև անգամ մահը, որ եկավ հին մի օր, գրկեց իր սիրելուն և տարավ՝ երբեք չվերադարձնելու անգութ պայմանով։
Օրորվում է գիշերը և օրորվում։
Ծփում են սարերը, ծփծփում են ծառերը, պարտեզներում վազում է ծնուցիչ բերկրանքը։