Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԻՐԱՆԻ ԾԱՌ
1

Կես-գիշեր։

Գարնանային այն գիշերներից, երբ թանձրացյալ իրականությունը և մանիշակագույն երազը խառնվում են իրար, որովհետև բույրը, որ բարձրանում է նոր ծլած խոտից և խնձորենու վարդագույն ծաղկից, նման է երազում ալյակ-ալյակ ծփացող թափանցիկ քողերի բույրին։

Եվ գիշերի ծոցը լցված է մրմունջներով։

Նոր բացվող ծաղիկների ձայնն է, պատռվող կոկոնների քաղցրագույն ցավի ճիչը։

Կոկոնները ճեղքում են իրենց սրտերը, որովհետև ստեղծագործության անդիմադրելի, անգութ և հեշտաբորբոք ցանկությունը մահ է, անխուսափելի և անվախճան։

Եվ երկնքի կապույտ առվակներով, լուսակարկաչ և աստղաթրթիռ, հոսում է զովը, հոսում է աշխարհի և գարնան վրա։

Եվ աշխարհի կտուրներից մեկի տակ, մարմարյա սեղանի վրա, կանաչ լուսամփոփի տակ, բացված է մեծ մի գիրք։ Այդ գրքի վրա հակած է գիտնականի գլուխը, որ հոգնած է և որի վրա ընկել է արդեն տիեզերքի առաջին ձյունը։ Հոգնած է այդ գլուխը, որովհետև անսահման դժվար է վերծանել