Հոտավետ է ամբողջ տիեզերքը։
Գիտնականի սրտի բյուրավոր ծալքերից այս մեկը դարձավ մի ամբողջ գոյություն, իրական, շոշափելի և ներկա։
Եվ բոցավառվեց հիշատակը, վերակենդանացավ և վերածաղկեց ողջ անցյալը։
Զտված, մաքրված է այդ անցյալը՝ ինչպես ոսկին հողից և ստոր մետաղներից, զտված է ցավից, դառնակսկիծ մորմոքներից։
Ուսանող էր նա կայսրության մայրաքաղաքում և մայրաքաղաք գնացել էր նա կայսրության ամենահեռավոր ծայրամասից։ Ամբողջ ուսումնական տարին նա սովորում էր եռանդով և հափշտակությամբ, և կարոտով հիշում հին գյուղը, և երբ վերջանում էր ուսումնական տարին, նա թռչում էր գնացքի վրա և գալիս գյուղ։
Եվ ահա իջավ նա փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։ Կայարանում ոչ մի րոպե չուզեց կանգ առնել, նրա աչքերը կարոտագին հառեցին գյուղի սարերին։ Դեռ կայարանում՝ դաշտերի բույրը լցվեց նրա ռնգունքները։ Դաշտում ոստոստում էր իր մանկությունը, ոստոստում հովից ու խոտի բույրից հարբած։
Փոթորկվել էր երիտասարդ ուսանողի և՛ սիրտը, և՛ միտ՛քը, կյանքը նրա համար մի ամեհի մրրիկ էր, և ինքը՝ ոսկեթև մի թռչուն։
Դաշտի հեռավոր բացերից վազեց եկավ՝ իբրև մարմնավոր մի էակ՝ նրա մանկությունը։ Սղոխի պես թեթև էր նա, այդ մանկությունը, կանաչ էր՝ ինչպես զմրուխտը, ժպտուն էր՝ ինչպես ցողը լուսաբացին վարդի թերթի վրա, ձայնը կարկաչում էր՝ ինչպես լեռնային աղբյուրը։ Փայլեց նա դաշտի բարձր խոտերի միջով, մանկության հետ թև-թևի։ Լուսաբացի ցողը, ինչպես արցունքը մանուկների, թրջեց նրա կրունկներն ու ուսանողական զգեստները։
Գլխավերևում կիվկիվի հյումերոսկն էր, կողքին՝ մանկությունը, ոտների տակ՝ մայր հողը, սրտում՝ մի փոքրիկ