Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկ, այտերի վրա փոսիկներով, ճակատին՝ դաշտի ժպիտը և արեգակի լույսը։

Բացավ նա թևերը, ուզում էր ողջը գրկել։ Թևերի մեջ երգեց հովը և անցավ։

Հասավ տուն։ Տան դռան առաջ քջուջ էին անում հավերը։ Աքաղաղը, բարձր և հպարտ, ձայն տվեց իր տիկիններին, տիկինները ցրիվ եկան։

Գամփռը կտուրից ցատկեց ներքև, փաթաթվեց նրան։ Համբուրեց նա գամփռին անկեղծորեն, ջերմությամբ և գորովանքով։ Գամփռը հոտոտեց նրան, հոտից հարբած՝ նա բաց արավ սպիտակ և սուր ատամները և վարդագույն լնդերը։

Մտավ նա տուն, համբուրեց մորը և հողաբույր տատին, թաղեց նա իր գլուխը նրանց կրծքերի մեջ և հարբեց նրանց զգեստների հոտից։

Խոսեցին, հարցրին երկար և մանրամասն, հետո նա հանեց ճանապարհի շորերը, լվացվեց, սանրեց մազերը, հագավ ուսանողական բաճկոնը՝ դեղին և փայլուն կոհակներով։

Նա վազեց տնից դուրս, երբ երեկոն դաշտից դեպի սարերն էր բարձրանում։ Մթնշաղի վարդագույն օդում ոսկեփոշի կար։

Երա՞զ։ Ոչ։ Թանձրացյալ իրականություն։

Այն չքնաղ աղջիկը, կարմիր կուժն ուսին, աղբյուրից էր վերադառնում։ Իրիկնային շողերը փաթաթվել էին նրա կրունկներին և ծամերին։

Վարդագույն շող կար և նրա ճակատին։

Այդ չքնաղ աղջկան նա ճանաչում էր, ճանաչում էր և բոլոր աղջիկներին, բայց նա պարել էր իր մանկության հետ։

Եվ նա կանչեց սրտագին.

— Արևհա՛տ... 

Արևհատը ետ դարձավ։

Ո՞վ կանչեց։ Թերևս այդ ձայնը հնչեց իր սրտում։

Բայց նա կանգնած էր Արևհատի դիմաց, ուսանողական զգեստը հագին, դեղին և փայլուն կոճակներով։

Արևհատը նիհար էր, մի քիչ դժգույն և մի քիչ էլ տխուր։ Բայց ահա ժպտում էր նրա ողջ էությունը, ժպտում