Արևհատին պատել էր սարսուռը։
— Աղջի՜...
Զուր ես կանչում դու, նանի, զուր ես կանչում քամուն, որ ետ դառնա, զուր ես խրատում ծաղիկը, որ չբացվի, երբ գարունն է հասնում, զուր ես կաշկանդում սիրտը, որ չբաբախի, երբ արյունը հորդում է, վարարում մարմնի գետի ափերը։
Նա բռնեց Արևհատի ձեռքը։ Նրանք բարձրացան բարձր խոտերի, արևածաղիկների, մասրենիների, ալուճների և մացառների միջից և կանգ առան սարի կշտին, ծիրանի ծառի տակ։
Սոսափում էր ծառը. բարձրացավ բոցագույն լուսինը, սպիտակեց և սկսեց լողալ կապույտ և խաղաղ ծովում։
Ծիրանի ծառի սաղարթներից մի քնար կախվեց և թրթռաց մեղմ։ Իրիկնային թռչո՞ւնն է դայլայլում, թե՞ Արևհատի սիրտն է կանչում։ Արյունն է երգում, արյան քնարն է, որ կախվել է ծիրանի ծառից։ Զով գիշերը ջերմացնում է սիրտը, ինչպես սառը գինու ումպը՝ մարմինը։ Սրտերը մոտենում են իրար, լցվում է ուսանողի թևերի դատարկությունը, և այրվում են նրա կրծքի աղվամազերը։
— Հորեղբայրն այգումն է, առվի ջուրն է շրջում դեպի ցորենի դաշտը,— շշնջում է Արևհատը՝ աղջկա զգուշությամբ։
Ջահել տղան ոչինչ չի լսում։ Ծիրանի ծառը սոսափում է, առուն երգում է, երգում է Արևհատի սիրտը, նրա ծաղկավոր զգեստի հոտը հարբեցրել է երիտասարդ ուսանողի արյան ամենավերջին կաթիլը, նրա ուղեղում հրդեհ է, մեծ խարույկ, բոցավառվել է ողջ էությունը։ Ո՞վ կարող է դիմադրել հարբեցած և հրդեհված արյան վազքին։
Բայց Արևհատը թռչում է նրա գրկից, վազում է, մոտենում է առվին, ունկնդրում։ Լսվում է, հեռվից և խուլ, բահի ձայնը, որ խրվում է հողի մեջ։ Արևհատի հորեղբայրը գնում է ջրի հոսանքն ի վեր, դեպի այգու խորքը։ Այգու ծառուղիում մութ է։ Վերադառնում է Արևհատը զգույշ և քնքուշ քայլերով, ինչպես եղնիկն անտառում, լցնում է ուսանողի գրկի դատարկությունը՝ ինչպես իրիկնային շաղը լցնում է աշխարհը։
— Արևհատ, չքնաղ ես դու, տաք և հոտավետ։