Եվ Արևհատն ավելի է մտնում նրա սրտի մեջ։ Երկու մատներով հպում է նա աղջկա թշերին, կարծես արյուն է կաթում թշերից։ Աղջիկն ունկնդրում է հողի և իր արյան ձայնին։ Կուրծքն ուռչում է՝ ինչպես սպիտակ առագաստը ծռվի վրա։ Ծիրանները կախված են նրանց գլխավերևում։ Արևը վառեց նրանց իբրև կանթեղներ և թողեց իր ետև՝ իբրև խոշոր կաթիլներ իր անհուն հրից։
— Բուրում է քո ծամը, Արևհատ, բուրում է՝ ինչպես խոտը, շողում է քո լանջը, Արևհատ, ինչպես ժայռերը կաթնամաքուր լուսնի, երգում է քո սիրտը, Արևհատ, ինչպես ոսկյա առվակը կապույտ երկնքում։
Մի ամպ սքողեց լուսինը։
Մթնեց ծառի հովանին։
Արևհատը սարսռում է, սարսռում է ջերմությունից, ավելի և ավելի է կծկվում ջահել տղայի հզոր թևերում, և քնքուշ, մետաքսահյուս մութը պարածածկում է երկուսին էլ։
Եվ երկուսն էլ ունկնդրում են հողի ձայնին։
— Երգեցեք ձեր արյունով, թող կարկաչե ձեր սրտերի աղբյուրը, հողն եմ ես, զովացրեք ինձ ձեր արյունով։
Նրանք փաթաթվել էին իրար, ինչպես երկու բոց, կարմիր և այրող, երկու բոց՝ արևից պոկված։
Եվ կաթեց Արևհատի ուրախության արցունքը խոտի և հողի վրա։
Տաք արցունքից զովացավ և՛ խոտը, և՛ հողը։
Փշրվեց սաղարթներից կախված քնարը։
Լուսինը դուրս եկավ ամպի տակից։
Մութը նոսրացավ, գիշերը դարձավ մի անհուն շղարշի հյուսված կապույտ և արծաթ թելերով։
Մի ոտնաձայն, խուլ և ծանր, անցնում է այգու եզերքով։ Անցնողի բահը փայլում է լուսնի շողերի տակ, և լուսնի շողերի տակ մռայլ է նրա ճակատը։ Մթին են և նրա հոնքերը։
Նանին, տանը, կանչում է անհանգիստ սրտով.
— Աղջի՜, աղջի՜․․․
Լռություն։